Արեն Մկրտչյանն այցելել է գերությունից վերադարձած հինգ տղաներին
ԱԺ իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն այցելել է գերությունից վերադարձած հինգ տղաներին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին։ Առողջական վիճակը լավ է, մասնագետների պատշաճ վերահսկողության ներքո են գտնվում տղաները։
Նրանց թվում է նաև Գալստյան Արայիկը` Լոռու մարզի Աքորի գյուղից։ Ավելի քան 70 օր առաջ եղել եմ Արայիկենց տանը, մայրիկի` տիկին Անիչկայի հետ կապի մեջ եմ եղել։
Այս ընթացքում բազմիցս հանդիպել եմ փոխվարչապետ Ավինյանի հետ։ Կառավարությունը հսկայածավալ աշխատանք է կատարել։ Ահռելի աշխատանք է կատարել նաև Արտակ Զեյնալյանը։
Գերիների հարցը կարևորագույնն է, իսկ հարցի շահարկումը տարբեր, այդ թվում` քաղաքական նպատակներով համարում եմ ստորություն։ Գոյություն ունենալ չի կարող ավելի կարևոր խնդիր։
Կառավարությունը ջանք չի խնայում մեր գերեվարված զինծառայողների, կամավորների, քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձի համար։ Համբերություն բոլորիս՛՛։
Հիշեցնենք, որ երեկ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից հայրենիք են վերադարձել 5 գերիներ: