շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզային քննչական վարչությունում. շենքի 3-րդ հարկից բերման ենթարկվածը կամ փորձել է դիմել փախուստի, կամ ինքնասպան է եղել

Առեղծվածային ու ողբերգական դեպք Արարատի մարզային քննչական վարչությունում. շենքի 3-րդ հարկից բերման ենթարկվածը կամ փորձել է դիմել փախուստի, կամ ինքնասպան է եղել

Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դրսում​ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը ​ և Արարատի մարզի դատախազ Ռ. Մանուկյանը:

Դեպքի վայրում են եղել Արարատի մարզային քննչական​ վարչության խումբը՝ վարչության պետ Վ․ Միրզոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 62-ամյա Միսակ Պողոսյանն է:

Գ. Շամշյանի ​ տեղեկություններով՝ այսօր ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի 2 ավագ տեսուչներ ինչ-որ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի հետ Մ.Պողոսյանին ձեռնաշղթայված տեղափոխել են Արարատի մարզային քննչական վարչություն և ներկայացրել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին: Ավագ քննիչի աշխատասենյակում որոշ ժամանակ մնալուց հետո Մ. Պողոսյանը դուրս է եկել քննիչի աշխատասենյակից և համայնքային ոստիկաններին ու քրեական հետախուզության օպերլիազորին հայտնել է, որ ինքը քննիչից թույլտվություն ունի, ապա քայլերն ուղղել է քննչական վարչության միջանցք: Համայնքային ոստիկանները գնացել են նրա ետևից:

Ըստ նախնական տեղեկությունների, Մ. Պողոսյանը մոտենում է միջանցքի պատուհանին, ապա ոտքը կտրուկ դնում պատուհանի տակ դրված սեղանին, վայրկյանական բարձրանում սեղանի վրա և շենքի 3-րդ հարկի բաց պատուհանից կամ փորձել է դիմել փախուստի, կամ էլ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել:

Համայնքային ոստիկաններից մեկը փորձել է բռնել նրան, սակայն չի կարողացել: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի ​ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ դեպքի փաստով նշանակվել են ծառայողական քննություններ:

  • Կիսվել: