ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արդյոք Հ1-ը ապահովում է քաղաքական բազմակարծություն. Անի Սամսոնյանը՝ ՀՌԱՀ նախագահին

Արդյոք Հ1-ը ապահովում է քաղաքական բազմակարծություն. Անի Սամսոնյանը՝ ՀՌԱՀ նախագահին

Հանրային հեռուստաընկերությունն ունի քաղաքական հարցազրույցի ժանրով մի հաղորդում, որտեղ, օրինակ, իշխանության ներկայացուցիչները եղել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները՝ 4-5 անգամ։ Այս մասին ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անի Սամսոնյանը։

«Զեկույցում նշված է, որ Հանձնաժողովի կողմից իրականացվող պարբերական մշտադիտարկումները թույլ են տալիս արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում ապահովել է քաղաքական, սոցիալական, տնտեսական խնդիրների վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում, հասարակական, քաղաքական հաղորդումներում և հարցազրույցներում։ Հանրայինում կա քաղաքական բնույթի մի հաղորդում, որտեղ իշխանության ներկայացուցիչները եղել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները՝ 4-5 անգամ։ Արդյո՞ք այս հարաբերակցությունն ապահովում է քաղաքական բազմակարծությունը, և երկրորդ՝ եղել են լուրեր, ռեպորտաժներ, որտեղ հակառակ կողմի կարծիքը չի եղել, քննարկումներում կողմերի հավասարակշռությունը չի պահպանվել»,- դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին՝ ասաց Անի Սամսոնյանը։

ՀՌԱՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովի հաղորդման մեջ խոսքը գնում է նախորդ տարվա մասին և չի բացառում, որ նախորդ տարի վիճակն ավելի բարվոք է եղել, քան այս տարի։

«Մենք չենք խոսում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հավասար ներկայության մասին։ Որևէ երկրում այդպիսի օրենսդրական պահանջ չկա։ Մենք խոսում ենք կարծիքների բազմազանության մասին։ Հավատացնում եմ՝ նույնիսկ ձեր խմբակցությունում կարող է երկու պատգամավոր լինել, որոնք, օրինակ՝ երեխաների սեռական դաստիարակության մասին տարբեր կարծիք ունեն։ Կարևորը ոչ թե տարբեր ուժերի ներկայությունն է, այլ բազմակարծությունը։ Եվ մենք իրավասու չենք ներքաշվել խմբագրական քաղաքականության մեջ»,- ասաց նա։

Անի Սամսոնյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ քաղաքական կարծիքի բազմազանությունն ապահովում են իշխանությունն ու ընդդիմությունը։

«Քաղաքական ուժը ներկայացնում է նույն քաղաքական կարծիքը, և այս հարցում ես Ձեզ հետ համաձայն չեմ։ Իհարկե, դուք չեք կարող խառնվել խմբագրական քաղաքականությանը, այստեղ խոսքը չի գնում խմբագրելուն, գրաքննելուն, այլ՝ այդ կարծիքների բազմազանությունը հնարավորինս ապահովելուն։ Հանրային հեռուստատեսությունը սնվում է հանրության միջոցներից, ուստի հանրությունն իրավունք ունի ստանալու բազմազան կարծիքներ»,- ընդգծեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

  • Կիսվել: