շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի որևէ հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի գնացել. ԿԳՄՍ նախարարը՝ Արցախի պետհամալսարանի մասին

Արցախի որևէ հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի գնացել. ԿԳՄՍ նախարարը՝ Արցախի պետհամալսարանի մասին

Որևէ ուսումնական հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի գնացել, մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք քննարկումներ եղել են Արցախի պետական համալսարանի հետագա հնարավոր գործունեության վերաբերյալ։

«Այսօր էլ կառավարության նիստում կայացվեց որոշում, որով ուսանողներին հատկացնելու ենք կրթաթոշակ և բոլոր ուսանողները՝ բուհերի, քոլեջների, ուսումնարանների, հնարավորություն են ունենալու շարունակել իրենց կրթությունը։  Արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է մեր բուհեր, մի քանի հարյուր ուսանող էլ դիմել է քոլեջների, ուսումնարանների հարցով։ Նրանք բոլորը առաջիկա օրերին կընդգրկվեն մեր հաստատություններում  վստահ եմ բոլորի կրթությունը կարճ ժամականում կկարողանանք ապահովել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դասախոսների և ուսուցիչների հետագա ճակատագրին, նախարարը ասաց․ «Այս պահին առաջնահերթ քննարկեցինք ուսուցիչներին աշխատանքի տեղավորելու հարցը, կառավարության նիստի որոշումներից մեկով հաստատվեց ուսուցիչներին  արտամրցութային կարգով մեր հաստատություններում աշխատանքի անցնելու, աշխատավարձի հավելավճարի  հնարավորությունը։ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում ուսուցիչները, բացի 30 տոկոս հավելավճարից, կստանան ամսական ֆիքսված 50․000 դրամ»։

  • Կիսվել: