երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Արարատում ավելի քան 1000 շահառու սոցիալական նպաստ չի ստանա. մարզպետ

Արարատում ավելի քան 1000 շահառու սոցիալական նպաստ չի ստանա. մարզպետ

ՀՀ Արարատի ավելի քան 1000 շահառու այլևս չի ստանա սոցիալական նպաստ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք այն շահառուներն են, որոնք խանութ, լավ տուն, մեքենա ունեն։

Նրա խոսքով՝  տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել: Ըստ մարզպետի՝  2018 և 2019 թվականներին Արարատի մարզում սոցիալական նպաստ ստացող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից:

««Փարոս»-ի շահառուների ցուցակներն ամբողջությամբ մաքրել ենք. դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց այդ ամենն իրենց անունով չէ: Մենք այս հարցով ստեղծել ենք հանձնաժողով, որի ներկայացուցիչները տնայցեր են կատարում, շրջում են համայնքներում, ինչի արդյունքում իրականում «Փարոս»-ի շահառու հանդիսացող անձինք միայն շահում են»,-  ընդգծեց Գարիկ Սարգսյանը:

Մարզպետը տեղեկացրեց, որ ցուցակները մաքրելուց հետո 60 ընտանիքի տրամադրվել  են խոշոր և մանր եղջերավոր անասուններ:

Գարիկ Սարգսյանը նաև հայտնեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է արվել, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս:

  • Կիսվել: