Ասում են՝ թուրք պաշտոնյան, ի՞նչ կապ ունի թուրքը, լրացուցիչ էմոցիա է. Փաշինյանը՝ երեկ տարածված սկանդալային ռեպորտաժի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ երեկ տարածված սկանդալային ռեպորտաժին, որում պարզ է դառնում, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Ինչ-որ մարդիկ զանգել են ինչ-որ տեղ, ասենք, եթե Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոսի) անունից հանդես գային՝ այդ մարդն ուրիշ բա՞ն էր ասելու։ Ինչ-որ մարդիկ զանգում, իմ անունից ինչ-որ բան են ասում, հետո ինչ-որ մարդ ինչ-որ բան է պատասխանում, հետո Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյան, իսկ կներեք, որ իմ այցի ժամանակ Ստամբուլում պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ մեկ չասաց՝ Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդարանի դռները փակվել էին, մոռացե՞լ էին։ Կամ ի՞նչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը, դա լրացուցիչ էմոցիա է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ լրացուցիչ էմոցիա է նաև այն, երբ ԶԼՄ-ներում վերնագրերում գրում են՝ հայ ըմբիշը հաղթեց թուրքին։
Նա ռուս պրանկերներին կոչ արեց զանգել ու Վեհափառ Հայրապետի անունից բոլոր պաշտոնյաների հետ խոսել, տեսենք ի՞նչ կասեն։
«Կամ էլ թող զանգեն կալուգացի օլիգարխի անունից խոսեն«,- հավելեց Փաշինյանը։



