կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արարատի մարզում թալանել են Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետի տունը

Արարատի մարզում թալանել են Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետի տունը

Դեկտեմբերի 23-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Թալանել են Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետի բնակարանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Գրիգորյանը և կրտսեր պարեկ Բենիկ Աբաղյանը ծառայություն կատարելու ժամանակ Ոսկետափ գյուղում նկատել են կասկածելի վարք դրսևորող քաղաքացու և փորձել են մոտենալ նրան։ Այդ քաղաքացին, տեսնելով, որ պարեկները ընդառաջ են գալիս իրեն, դիմում է փախուստի, սակայն պարեկների հետապնդումը ավարտվում է բարեհաջող ու նրան գողություն կատարելու կասկածանքով բռնում և տեղափոխում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին։

Ճանապարհին կասկածյալը փորձում է պարեկներին մոլորեցնել՝ ասելով․ «Փուչիկս տրաքում էր, ուզում էի բնական կարիքս հոգայի, բայց ձեզ տեսնելով՝ հո ձեր մոտ չէի հոգալու։ Ասի վազելով գնամ մի տալդա տեղ ճարեմ, էն էլ եկաք, բռնիք, թե ինչի համար, ես էլ չգիտեմ»։

Արդեն Ոստիկանության Արարատի բաժնում պարզվում է, որ պարեկները ճիշտ են կողմնորոշվել ու լավ էլ բռնել են «բնական կարիքները հոգացողին»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կարճ ժամանակում փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ գողություն է կատարել Արարատ քաղաքի տներից մեկից՝ պատուհանից ներս մտնելով։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի, ՀՀ ՆԳՆ ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ ժամանում են դեպքի վայր, որտեղ հայտնաբերում են տունն ամբողջովին տակն ու վրա եղած, իսկ տունը պատկանում է 38-ամյա Սարգիս Միսակյանին, ով Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետն է։

Դեպքի վայր է ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կասկածյալը, ով հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեկատարողական հիմնարկում, Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Սարգսյանն է։ Նրան ոստիկանության Արարատի բաժնից ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

  • Կիսվել: