երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արամուս համայնքին պետական սեփականություն հանդիսացող հողակտոր նվիրաբերվեց` մանկապարտեզ կառուցելու նպատակով

Արամուս համայնքին պետական սեփականություն հանդիսացող հողակտոր նվիրաբերվեց` մանկապարտեզ կառուցելու նպատակով

Կառավարության վերջին նիստին հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի Ազատամարտիկների խճուղի թիվ 20/3 հասցեում անշարժ գույքը հետ վերցնելու և ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով նվիրաբերելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։

 Մանկապարտեզի կառուցման ծրագիրը Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ երկու փուլով ներկայացվել էր կառավարությանը՝ պետական բյուջեի համաֆինանսավորման նպատակով: Եվ 2019 թ. և 2020 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում, համայնքը վերջապես կունենա հիմքից կառուցված, ամբողջությամբ նոր, մոդեռն, գեղեցիկ ու բարեկարգ բակային հատվածով մանկապարտեզ:

 Արամուս համայնք կատարած վերջին այցի ժամանակ մարզպետը մասնակցեց մանկապարտեզի շենքի հիմնարկեքի արարողությանը:

 Արամուս համայնքը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, և համայնքի փոքրիկները ստիպված հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ:

Այժմ պետության աջակցությամբ Արամուսում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով և նորագույն լուծումներով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված համայնքի և հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 փոքրիկների համար:

 

 Մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվի 433.0 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50% – 50% համաֆինանսավորմամբ:

Վստահ քայլերով շարունակվում են կյանքի կոչվել Կոտայքի համայնքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Իսկ համայնքներում երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առ ավելագույն չափով ներգրավելու համար արժանավայել պայմաններ ստեղծելն այդ ծրագրերի հիմնաքարային բաղադրիչներից մեկն է:

  • Կիսվել: