կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին և հայ համայնքին

Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին և հայ համայնքին

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակման դեպքին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։

Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը նշէ, շուրջ 30 անձերէ բաղկացած խումբ մը անծանօթ մարդիկ յարձակում գործած են Պատրիարքարանի միաբանութեան ու պաշտօնէութեան վրայ, իբրեւ բողոքի արտայայտութիւն «Կովերու Պարտէզ»ին գծով Պատրիարքարանին առած իրաւական քայլերուն։ Կան վիրաւորներ ու նիւթական վնասներ։

Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղի հայտնել էինք, որ ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

Շարժման անդամները տեղեկացրել էին, որ այդ անձինք փորձել են ներս մտնել և տարածքն իրենց ձեռք վերցնել՝ ընդդեմ օրենքի: Սակայն հոգևորականները, երիտասարդները պաշտպանել են հողատարածքը: Երկու հայ երիտասարդների ոստիկանները բերման էին ենթարկել:

 

 

 

  • Կիսվել: