կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի  պատվիրակությունը

Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի պատվիրակությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի պատվիրակությունը: Հայտնում են Կիլիկիայի կաթողկոսությունից:

«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 4 Մարտ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի եթովպական համայնքը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ համայնքի հոգեւոր հովիւին եւ վարչութեան ատենապետին:

Այցելուները Հայրապետին փոխանցեցին Եթովպիոյ եկեղեցւոյ հոգեւոր պետին եղբայրական ողջոյնները, իրենց շնորհակալութիւնը յայտնեցին համայնքին նկատմամբ Նորին Սրբութեան ցուցաբերած հոգածութեան համար եւ պետութեան առնչուած կարգ մը հարցերու գծով խնդրեցին անոր միջամտութիւնը:

Յայտնենք, որ Լիբանանէն ներս կը գործեն շուրջ 70,000 եթովպացիներ, որոնց շուրջ 50,000-ը կը պատկանին Եթովպիոյ ուղղափառ եկեղեցւոյ: Անոնք Լիբանանի մէջ ունին եկեղեցի եւ կեդրոն, Անթիլիաս-Պիքֆայա ճանապարհին միջեւ շրջանի մը մէջ: Նկատի ունենալով, որ եթովպական համայնքը պետական ճանաչում չունի եւ հայ եկեղեցւոյ կողքին արեւելեան ուղղափառ եկեղեցական ընտանիքին մաս կը կազմէ, շուրջ 20 տարիներ առաջ կառուցուած եկեղեցին արձանագրուած է Կաթողիկոսարանին անունով, եւ անհրաժեշտութեան պարագային Կաթողիկոսարանը օգտակար կը դառնայ եթովպական համայնքին»:

  • Կիսվել: