չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Առաջնային օղակում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար ծրագրերը

Առաջնային օղակում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար ծրագրերը

Բժշկական հաստատությունների արդիականացման շրջանակներում շինարարական աշխատանքներ են իրականացվել 25 բժշկական կենտրոնում, որից 2-ը արդեն ավարտվել են, իսկ 2-ը ավարտական փուլում են: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Առողջապահության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2024 թ. մեկնարկելու են 22 գյուղական ամբուլատորիայի, 3 մարզային բժշկական կենտրոնի և 10 պոլիկլինիկայի, Ջերմուկի առողջության կենտրոնի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային 1 կենտրոնի, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 3 մարզային մասնաճյուղի և Մեղրիի դիահերձարանի, Քրեակատարողական բժշկության կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանման, հոգեկան առողջության 2 կենտրոնի շինարարական աշխատանքները: Ավարտին է հասցվելու Վարդան Սրմաքեշի կողմից Գյումրիում կառուցված նոր ծննդատան շինարարական աշխատանքները։

Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում իրականացվում են զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագրերը: 2021 թվականից մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը շարունակվում է` ընդգրկելով Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ մարզերը: Կատարվել է 26238 հետազոտություն, 1584 կին ուղեգրվել է լրացուցիչ անվճար հետազոտությունների, 261-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ծրագրի նպատակն է կայունացնել և տարեկան առնվազն 1,5%-ով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահացությունը:

2023թ. պիլոտային ծրագրով ամբողջապես թվայնացվել են դեղատոմսի դուրսգրման, պատվաստումների, արյան բանկի, եղջերաթաղանթի, դիակային դոնորների, սրտանոթային, հեպատիտների և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների էլեկտրոնային ռեգիստրները: 2023 թ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 68.5 մլն ՀՀ դրամ սահմանամերձ 12 առողջապահական կազմակերպություններին դեղերի անձեռնմխելի պաշարների ձեռքբերման նպատակով:

  • Կիսվել: