Ռուսաստանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. աղբյուր
Տյումենի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Ռուսաստանում հեղուկացված ածխաջրածնային գազի արտադրության խոշորագույն գործարանը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի երեք աղբյուրների։
Նշվում է, որ խոսքը Տոբոլսկում «Սիբուր» ընկերության «ԶապՍիբՆեֆտեխիմ» նավթաքիմիական համալիրի մասին է։
Ըստ աղբյուրների՝ ձեռնարկությունը դադարեցրել է աշխատանքը անորոշ ժամկետով։ Այժմ մասնագետները գնահատում են վնասների ծավալն ու դրանց հետևանքները։
Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը երկուշաբթի հայտնել էր, որ տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտներից մեկում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է տուժել։
Իր հերթին «Սիբուր» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։



