ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ

Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները բավական մտահոգիչ են. նոր հաստատված դեպքերը, վարակակիրները շատ են, բուժվածները՝ քիչ: Ի՞նչն է պատճառը:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ բուժվածները քիչ չեն, ուղղակի այս օրերին նրանք չեն երեւում հրապարակվող վիճակագրության մեջ: «Մայիսի 22-ից փոխվել է բուժման քաղաքականությունը, եւ մարդիկ, որոնք վարակակիր են, բայց անախտանիշ են կամ թեթեւ ախտանիշներ ունեն, բուժումը ստանում են տանը: Այդ պահից սկսած՝ նրանք ներառվում են պոլիկլինիկաների համակարգում, գտնվում են պոլիկլինիկաների հսկողության տակ:

14-րդ օրը համարվում են առողջացած եւ ավտոմատ դուրս են գալիս համակարգից. ելքն անում է պոլիկլինիկայի բժիշկը: Առաջիկա օրերին մենք այդ համակարգում կանենք փոփոխություններ եւ կունենանք մեծ թվով առողջացումներ, այսինքն՝ երբ իրենց համակարգում պոլիկլինիկայի բժիշկները համարեն առողջացում, այդ մարդիկ կներառվեն ընդհանուր վիճակագրության մեջ»,- ասաց նա:

 

Հայաստանում հիմնականում ո՞ր դեղամիջոցներն են կիրառվում կորոնավիրուսի բուժման համար, բուժման ստանդարտ ընթացակարգը թեթեւ դեպքերի համար ո՞րն է՝ հարցին խոսնակը խոստացավ պատասխանել առաջիկայում. «Այս պահին մշակվում է բուժման պրոտոկոլ, թե տնային պայմաններում ինչ դեղեր կարելի է օգտագործել, ընդհանրապես որոնք պիտի բացառվեն, քանի որ վերջին օրերին տարբեր տեղերից լսում ենք ահազանգեր, որ քաղաքացիները սկսել են զբաղվել ինքնաբուժմամբ, բայց պետք է անպայման ասենք՝ ուղղակի չի կարելի, որ իրենք իրենց համար դեղեր մտածեն ու խմեն, կարող են շատ մեծ վնաս հասցնել իրենց առողջությանը:

Մեր մշակած պրոտոկոլը հենց այդ նպատակն ունի. որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ չկարողանանք հոսպիտալացնել մարդկանց (քանի որ արդեն իսկ այդ խնդիրն ունենք, տեղերը սահմանափակ են), մարդիկ հասկանան, թե տան պայմաններում ժամանակավորապես ինչպես կարող են իրենց բուժումը կազմակերպել՝ մինչեւ իրենց հերթը հասնի ու կարողանան տեղափոխվել հիվանդանոց»:

 

Արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ դեղամիջոցներ են սխալմամբ կիրառում մեր քաղաքացիները, բազմիցս նշված հակաբիոտիկների ինքնանշանակման խնդի՞րն էլ կա՝ Նիկողոսյանը պատասխանեց. «Հիմնականում հակաբիոտիկներն են»: Նա հաղորդեց, որ մշակվող ուղեցույցում մասնագետները նշելու են նաեւ հակաբիոտիկների սխալ կիրառման վտանգները:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

  • Կիսվել: