չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով ռիսկային են. խիստ զգուշացում համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին

Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով ռիսկային են. խիստ զգուշացում համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին

Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, քանի որ հանգստյան օրեր են: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր տեղեկություններով, մասնավորապես, ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր միջոցառումներ են նախատեսում։ Թեպետ մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացնեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք։ Օգտվելով այս հնարավորությունից, կոչ եմ անում, հորդորում եմ, նաև պահանջում եմ ուսումնական հաստատություններին, ուսանողական, ծնողական խորհուրդներին զերծ մնալ նման միջոցառումներից»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նախարարը կրկին խոստացավ, որ համավարակը հաղթահարելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ օր կնշանակվի ու հանրապետությունում Վերջին զանգը կնշվի, իսկ մինչ այդ պետք է խստագույնս պահպանել պարետատան որոշումներն ու Առողջապահության նախարարության ցուցումները:

«Ես կխնդրեմ նաև սրբավայրերի հետ կապված ուշադրություն դարձնել: Անցած շաբաթ Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել, այդ նկարները սոցիալական ցանցերում կան: Խնդրում եմ ոստիկանությանը հսկողություն իրականացնել, նման կուտակումներ թույլ չտալ, քանի որ դրանք դառնում են վարակի տարածման մեծ աղբյուր»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ պատասխանատվությունը պետք է դնել դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա:

«Հետագայում, երբ տեղեկատվությունը կլինի և կիմանանք, թե ովքեր են նման միջոցառումներ իրականացրել, կարծում եմ, որ դա պետք է որոշակի հետևանք ունենա դպրոցների տնօրենների համայնքի ղեկավարների հետագա գործունեության համար»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: