Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում կեռապատկվեն:
Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 դրամ:
Վճարման կարգում եւս փոփոխություն է մտցվել: Նոր կարգավորմամբ եթե քաղաքացին կամ տնտեսավարողն ունի կենդանական աշխարհի որևէ օբյեկտի օգտագործման իրավունք, ապա պետք է վճարի պայմանագրի կնքման ժամանակ, այլ ոչ թե օգտագործման դեպքում:
Նախարարը տեղեկացրել է, որ տարիների ընթացքում մեծանում է արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը: Դա ցույց է տալիս, որ սիգ ձկնատեսակի պաշարները թույլ են տալիս կազմակերպելու այդ որսը և նաև ավելացնելու այդ քվոտան:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան` նախարարը տեղեկացրել է, որ ապօրինությունների կրճատման համար հիմնվում է Էկոպարեկային ծառայություն, որը 24-ժամյա հսկողություն կիրականացնի նաև Սևանա լճում: Դա ոչ միայն սիգ ձկնատեսակի մասով ապօրինությունները կրճատելու, այլ նաև դրանց վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն ունենալու հնարավորություն կտա:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ դրական էր. այս մասին հայտնել է Միքայել Թումասյանը: