Առաջարկվում է կրկնակի նվազեցնել թվային վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ձեռք բերելու տուրքերը
Սեպտեմբերի 1-ից հետո առաջին անգամ վարորդական վկայական ստանալու կամ հաշվառման վկայագիր ձեռք բերելու նպատակով դիմելիս, եթե անձը չի ցանկանում ձեռք բերել պլաստիկ վկայական, այլ ցանկանում է ունենալ միայն թվային վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր, տուրքերը նվազեցնում ենք: Այդ մասին նախագիծն Ագային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
«Մեր ստանդարտ տուրքերն են 12 000 դրամ՝ վարորդական վկայականի համար, 6000՝ հաշվառման վկայագրի համար: Թվայինի պարագայում կունենանք 6000 դրամ վարորդական վկայականի համար, 3000՝ հաշվառման վկայագրի համար»,- ասաց նա:
Լիազորող նորմ է նաև սահմանվել, որով հնարավորություն կտրվի համարանիշներն ու հաշվառման վկայագրերը փոստային ճանապարհով առաքել:
«Մեկ այլ կարգավորմամբ Կառավարությունն արդեն իսկ ընդունել է որոշում, որով սեպտեմբերի 1-ից հնարավորություն է ստեղծվում մեքենաների առուվաճառքը կամ գրավի ու լիզինգի իրավունքի գրանցումն իրականացնել օնլայն տիրույթում:
Եթե օնլայն տիրույթում իրականացվի առուվաճառքը, և պետհամարանիշները չփոխվեն, անձը հնարավորություն ունի փոստային առաքման միջոցով ստանալ տվյալ պետհամարանիշները և հաշվառման վկայագիրը»,- ասաց նա: