շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում  Արագածոտնի մարզի  բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել  է «Ապարան» բժշկական  կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել,  ապա տեղափոխել «Ապարան» բժշկական  կենտրոն: Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը: Օպերատիվորեն ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված  մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  վարորդի անվտանգությունից ելնելով՝ Ա. Մարդոյանը, Հ. Գալստյանը,  ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի հետ  տեղափոխել են նրան ոստիկանության Ապարանի բաժին:  

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական  խումբը՝  վարչության պետ Սամվել Սիմոնյանի , հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի  և ավագ քննիչներ  Նորայր Խաչատրյանի, Նարեկ Քասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին և  2-րդ մասերի հատկանիշներով:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում  են  մահացածների ինքնությունը:  

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ  վրաերթի  ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավեի շատ լինում էին փողոցներում: Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ  խումբը ՝  բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: