հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Արագած լեռան լանջին կկառուցվի լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր

Արագած լեռան լանջին կկառուցվի լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր

«Ուզում եմ ներկայացնել «Արագած» ներդրումային ծրագիրը: Ըստ էության՝ ծրագիրն այն մասին է, որ Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր պետք է ստեղծվի, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներով, այնտեղ կկառուցվի նաև 3 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական այդ համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն:Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ, 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ և ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 միլիոն դոլար»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ այս ծրագիրը ներկայացվել է դեռ 2018 թվականին. «Այս ծրագիրն իրականում ներկայացվել է քննարկման դեռևս 2018 թվականի նոյեմբերին և դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն պատերազմով, քովիդով և նաև մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021 թվականի օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին և մեր աշխատանքը ներդրողների հետ հիմա հասել է տրամաբանական սկզբին, այսինքն նախագծի հատատման փուլին ենք հասել»:

Քերոբյանը կարևորեց ծրագրի սոցիալական նշանակությունը. «Մենք այստեղ ստեղծում ենք մի օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր, որը մեզ համար շատ կարևոր է, որովհետև կլիմայական այս փոփոխությունները բերում են նրան, որ ավելի ցածրադիր գոտիներում ապրելն ավելի դժվարանալու է և Հայաստանի տարածքի մեծ մասը բարձրադիր գոտիներում է և կարիք կա այսպիսի մոդելային միջավայրեր ստեղծել: Ծրագրի ռիսկերը կառավարելու ենք խոշոր քառյակի մեջ մտնող աուդիտորական ընկերություններին ներգրավելով, որոնք պետք է հետևեն ծրագրի ներդրումային փուլին և փուլային հաշվետվություն ներկայացնեն Կառավարությանը՝ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Մենք նաև տուգանային համակարգ ունենք՝ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Կառավարությունը, ըստ էության, համաձայնություն է տալու հողատարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց միևնույնն է Ապարան համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վաճառքի վերաբերյալ որոշումը: Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հեկտար տարածքի վերաբերյալ և 3643 հեկտար տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի ենք համաձայնություն տալու, որ Ապարան համայնքը կնքի: Բացի այդ, նաև ընկերությունը կօգտվի մեր «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրից, որի շրջանակներում մենք որոշակի ենթակառուցվածքային օժանդակություն ևս կտրամադրենք»:

Քերոբյանը ներկայացրեց նաև մեկ այլ ծրագիր, որն արդեն իրականացվել է. «Մոտավորապես մեկ ու կես տարի առաջ մեր կողմից հաստատված էլի Ապարան համայնքում մեկ այլ դահուկային ծրագիր արդեն սկսել է աշխատել և արդեն առաջին դահուկորդներն այս տարի կարողացան վայելել ծրագրի արդյունքները: Մի շատ կարևոր կետ կա, որը նույնպես կուզենամ շեշտել, շատ մեծ քննարկում է եղել ֆրանսիական ընկերությունների ներգրավվածության վերաբերյալ, անցյալ շաբաթ ես Ֆրանսիայում հանդիպել եմ այն ֆրանսիական ընկերության հետ, ով պետք է լիներ մրցակից ծրագրի օպերատորը և համոզել եմ, որպեսզի իրենք դիտարկեն նաև այս ծրագրի ներքո օպերատորությունը և եթե, դա հաջողությամբ պսակվի, մենք կունենանք առաջնային օպերատոր նաև լեռնադահուկային համալիրի համար: Ենթակառուցվածքների և նոր համայնքների զարգացման մեջ մենք հետևում ենք աշխարհի լավագույն օրինակներին»:

  • Կիսվել: