շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կահիրեում հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլաթիֆին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ոլորտային ընկերությունների կարողությունների զարգացմանը և արտադրանքի առևտրայնացմանը։

Մոխթար Աբդելլաթիֆին իր հերթին ներկայացրել է Արաբական արդյունաբերական կազմակերպության տեսլականը, այն է՝ տեղայնացնել տեխնոլոգիաները և բարձրացնել տեղական արտադրության հարաբերակցությունը արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, դրանց իրագործելիության հնարավորությունները: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ստեղծելու անհրաժեշտ պայմաններ երկու երկրների խոշոր ընկերությունների համագործակցության համար, ինչպես նաև ընդգծել են ներդրումային հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: