հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապարանում 43 բնակարաններով բազմնաբնակարան շենք է կառուցվել․ կնվիրեն բնակիչներին

Ապարանում 43 բնակարաններով բազմնաբնակարան շենք է կառուցվել․ կնվիրեն բնակիչներին

Բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Ապարան քաղաքաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող վթարային շենքերի փոխարեն Գարեգին Նժդեհի 36 հասցեում պետական միջոցներով 683 մլն դրամով կառուցվել է  բազմնաբնակարան շենք՝ 43 բնակարաններով։

Հայտնելով, որ նախկին երկու շենքերը միասին 38 բնակարան էին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Այս որոշման արդյունքում 43 ընտանիքների 118 անձանց բնակարան կնվիրենք և ավել 5 բնակարաններից 3-ը կտրվի արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին և 2-ը երկարաշարժի ժամանակ բնակարանները վնասված ընտանիքներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թ., սակայն մարդկանց հանձնվել է մեկ տարի ուշացումով։ Սանոսյանը պատճառաբանեց, որ շինարարությունն է ավարտվել 2022 թ., սակայն այս ընթացքում փաստաթղթավորման խնդիրներ են եղել։

Փաշինյանին շարունակելով՝ ասաց. «Սա շատ վատ պատմությունների շղթա է։ Ընդամենը մեկ ամիս առաջ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանակ պատահական մարդիկ մոտեցել են ինձ ու ասել, որ նման խնդիր կա։ Եթե կարելի էր դա մեկ ամսում անել, ապա մեկ տարի մենք ինչո՞վ ենք զբաղված եղել ու մարդկանց միայն հիմա ենք հանձնում բնակարանները»,-ասաց նա։

Վարչապետը հետաքրքվեց, թե ինչպես է իրականացվելու վթարային շենքերի լիկվիդայնացումը, ինչպես են երաշխավորելու, որ նոր բնակարաններ բաշխելուց հետո հին բնակարաններում ոչ մի մարդ չի մնալու։

«Հստակ ժամանակացույցով վթարային այդ շենքերը պետք է հողին հավասարեցնել»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այդ շենքերից 7 ընտանիք հիմա ՌԴ-ում են, նրանց համաձայնությունը պետք է ստանալ քանդման համար, սակայն համայնքը պարտավորվում է, որ հին շենքի բոլոր բնակարանները փակված կմնան այս ընթացքում։ Երբ Ապարանի համայնքապետարանը ստանա այս ընտանիքների սեփականության իրավունքները, այն ժամանակ այդ շենքերը հողին կհավասարեցվեն։

  • Կիսվել: