ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին

Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Նշվածից բխում է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը սահմանված է կա՛մ Սահմանադրությամբ, կա՛մ օրենքներով»,- ասել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:

Փոխնախարարը պարզաբանել է՝ անտառային ոլորտը կարգավորող բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր այժմ գործում են, սակայն օրենսգրքում բացակայում են դրանք լիազորող նորմերը: Կան նաև մշակման ենթակա իրավական ակտեր, որոնց ընդունման համար ևս բացակայում են լիազորող նորմերը:

Ակնկալվում է, որ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ-ի՝ մայիսի 3-ին գումարված հերթական նիստում

  • Կիսվել: