երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում խոսել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին

Աննա Հակոբյանը Կանանց Եվրասիական երրորդ համաժողովում խոսել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: 

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով  կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում և խաղաղության հաստատման ճանապարհին: Տիկին Հակոբյանն իր ելույթում  հրատապ է համարել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, խոսել է Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին: 

Վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով, նաև շեշտել՝ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:

«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Աննա Հակոբյանը: 

Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մասնակիցների թվում են նաև կին խորհրդարանականներ, իշխանության գործադիր մարմինների, միջազգային կազմակերպությունների, գլոբալ կորպորացիաների, գործարար շրջանակների, գիտական հանրության, հասարակական կազմակերպությունների և բարեգործական նախագծերի ներկայացուցիչներ, կանանց միջազգային շարժման հեղինակավոր գործիչներ:

Համաժողովի գործնական ծրագիրը ներառում է պլենար նիստեր, միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ռազմավարական և փորձագիտական նստաշրջաններ, բանավեճային հարթակներ, այդ թվում՝ հասարակական կարծիքի առաջնորդների հետ, պետական-մասնավոր բիզնես-երկխոսություններ, վեբինարներ և գործարար նախաճաշեր: 

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը: 

Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում, գրում է 1lurer.am-ը:

  • Կիսվել: