ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՆԻՖ` 3 տարվա անգործություն և կորուսյալ հնարավորություններ

ԱՆԻՖ` 3 տարվա անգործություն և կորուսյալ հնարավորություններ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (Armenian National Interests Fund, ANIF) հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից 2019թ.-ին մայիսի 20-ին։ Ըստ ֆոնդի ռազմավարության` կառույցի նպատակն է ներգրավել օտարերկրյա ներդրումներ, խթանել արտահանման աճը և համաֆինանսավորել հայկական լայնածավալ նախագծերը։

Ինչպես նշել էր այդ ժամանակ դեռ գործող Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության նախարար Տիգրան Խաչատրյանը, ֆոնդը զբաղվելու է 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցմամբ։ Սա բացատրվում էր նրանով, որ ֆոնդը զբաղվելու է միայն խոշոր բիզնեսներ համաֆինասավորելով՝ բացառելով մանրը կամ միջինը։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք ճիշտ է, որ մեր երկրում, ուր  փոքր և միջին բիզնեսները ունեն դժվարություններ համաֆինասավորման հարցում, դուրս են մնացել պետական ֆոնդի հետաքրքրությունների շրջանակից։

ԱՆԻՖ-ի բաժնետոմսերը մինչև 2021թ.-ը պատկանել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ արդեն մարտի 25-ին բաժնետոմսերի 100%-ը փոխանցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Ֆոնդի գործադիր տնօրենն է Դավիթ Փափազյանը, իսկ խորհրդի նախագահը՝ Տիգրան Ավինյանն։ «ANIF»-ի անկախ անդամներ են Իտալիայում գործող բանկերի, ինչպես նաև Իտալիայի շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու Իսիդորո Լուչիոլան, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, «First Manhattan Co» ընկերության գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը և «Reinvent Technology Partners» ընկերության համահիմնադիր Մայքլ Թոմփսոնը։ Ներդրումային հանձնաժողովի նախագահն է ՄԱԿ-ի թվային առաջնորդ և «Holding Italiana Quattordicesima»-ի խորհրդի անդամ Խալեդ Հելոուին։

Ուսումնասիրելով ֆոնդի գործառույթները՝ հասկանալի է դառնում, որ ֆոնդը չի կատարում որևէ ոլորտային ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե որտեղ կան բացեր և որտեղ է անհրաժեշտ ֆինանսավորում կատարել։ Ինչպես ֆոնդի տնօրենն իր հացազրույցներից մեկում նշում է՝ ոլորտում ուսումնասիրությունները կատարում է տվյալ նախարարությունը և որևէ ծրագրի ֆինանսավորման համար դիմում է կառավարությանը, որն էլ իր հերթին ֆոնդին։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք նախարարությունը ինքը չի կարող միանգամից ստանալ կառավարությունից նախատեսվող ֆինանսավորման գումարը և տնօրինել այն` առանց ֆոնդի։ Այսինքն որն է նպատակը նման ֆոնդի՝ հաշվի առնելով, որ նույն այդ գործառույթները կարող են կատարել նախարարությունները։ Հաշվի առնենք, որ ցանկացած ոլորտային նախարարություն ավելի լավ կհետևի ֆինասավորվան գործընթացին քան ֆոնդը։

Սա հատկապես խնդիր է պետական ապարատում, որտեղ նույն գործառույթը կատարում են մի քանի գերատեսչություններ։ ԱՆԻՖ-ը ինչ որ չափով իր վրա է վերցրել նախարարությունների պարտականությունները։

Ի՞նչ է արել ֆոնդը 3 տարում

Առաջին խոշոր և լուրջ ծրագիրը ֆոնդի համար եղել է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը, որը ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն է։ Նրա նպատակն էր մեղմել Covid-19 համաճարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը։  Հակաճգնաժամային կառույցի ստեղծումից անմիջապես հետո՝ 2020թ.-ի մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց փուլերով 50 միլիարդ դրամ հատկացնել ֆոնդին՝ յուրաքանչյուր փուլում 5 միլիարդ դրամի չափով։ Ծրագիրը նախատեսված էր իրականացնել բացառապես Հայաստանում։

Առաջին 5 մլրդ ներդրումից հետո ֆոնդը երեք ամիս անց պետք է ներկայացներ արդյունքերը,  սակայն երեք ամիս անց` օգոստոսի 28-ին ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը վարչապետի հետ խորհրդակցությունների ժամանակ որևէ հստակ արդյունք չի ներկայացրել՝ հաշվի առնելով խորհրդակցությունից հետո տարածած ոչ հստակ հաղորդագրությունը, որտեղ որևէ խոսք չկա առաջին փուլում հատկացված 5 միլիարդի մասին։ 2020թ.-ին «ANIF»-ի կայքում ևս ոչ մի տեղեկություն չկա փուլային այս ծրագրով  որևէ բիզնես համաֆինանսավորելու մասին։

Գումարի համաֆինանսավորման մասին տեղեկություն փորձել են ստանալ նաև ԶԼՄ-ները։ Նման փորձել է կատարել «Առավոտ» օրաթերթը, սակայն թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցումներին ի պատասխան, որևէ հիմնավորում չի տրվել. ընդամենը գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Փափազյանը զբաղված է այլ գործերով և չի կարող տեղեկատվություն տրամադրել։

Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ 2020թ.-ին որևէ համաֆինանսավորում չի կատարել ֆոնդը այս ծրագրի համատեքստում, քանի որ 2021թ.-ի գարնանը նոր հայտարարություն տարածեցին, որ ծրագրի շրջանակներում առաջին բիզնեսն է հովանավորվել։ Ընդհանուր առմամբ մինչ այսօր այս ծրագրի շրջանակներում հովանավորվել է ընդամենը 3 բիզնես։ Աղյուսակում ներկայացված են տվյալները՝


Ընկերության անվանումը

Ընդհանուր գումարից որքանն է տրամադրել ֆոնդը (%)

 

Ֆոնդի տրամադրած գումարի չափը

«Երեմյան փորջեքթս»

25%

275,000,000 դրամ

«Մունլայթ Լայֆ»

 

49%

384,160,000 դրամ

«Ժամանակակից վիրաբուժական կենտրոն»

 

49%

315,000,000 դրամ

 

Այսինքն անցած տարվա մայիսից ի վեր ֆոնդը ընդամենը համաֆինանսավորվել է  3 կազմակերպություն, այն դեպքում, որ պայմանավորված համաճարակով դրա կարիքը մեծաթիվ կազմակերպություններ ունեին։ Ի դեպ, ֆոնդը բազմիցս շեշտել է, որ ոչ թե ինքն է փնտրում բիզնես, այլ իրեն դիմում են ֆինանսավորվելու համար։ Սա ևս խնդիր է, քանի որ շատ քիչ ձեռնարկությունների են տեղեկացված, որ նման ֆոնդ է գործում՝ հաշվի առնելով, որ այն նոր է։

Ընդհանուր առմամբ, առաջին փուլում տրամադրված 5 մլրդ դրամից օգտագործվել է 974, 160, 000 դրամ, այսինքն ընդամենը 19%-ը է։ Հավելենք, որ 5 մլրդ դրամը ընդամենը առաջին փուլի համար է,  ֆոնդը դեռ 45 մլրդ դրամ պետք է ստանա։ Հաշվի առնելով նման անպատասխանատու և ոչ թափանցիկ աշխատելաոճը՝  ինչքան է ձեռնտու այդքան գումար տրամադրել ֆոնդին։ Նման աշխատելաոճին գումարվում են տեղեկություններ, որ ֆոնդում աշխատում են ղեկավարության ընկերները։ Թերևս ամենահյտնին Տիգրան Ավինյանի հետ է կապված, ում ընկերը Դավիթ Մանուկյանը աշխատում է ԱՆԻՖ-ում առաջատար վերլուծաբան։ Այսինք ֆոնդի նպատակն է նաև «աշխատատեղեր ստեղծել» ոմանց ծանթ-բարեկամների համար։

Այս ոլորտում նման անպատասխանատու գործելաոճի ֆոնին բավական հետաքրքիր է ֆոնդի աշխատանքները միջազգային շուկայում։ ԱՆԻՖ-ը մինչ այժմ երկու պայմանագիր է կնքել միջազգային կազմակերպությունների հետ, որոնք երկուսն էլ պատկանում են Արաբական Միացյալ Էմիրություններին։

Երկու բանակցություններում էլ գլխավոր բանակցողներից մեկը եղել է նախագահ Արմեն Սարգսյանը, ով բավականին ակտիվ հարաբերությունների մեջ է ԱՄԷ-ի ղեկավարության հետ։

Առաջինը վերականգնվող էներգետիկայի ոլորտից «Մասդար» ընկերությունն էր, որի հետ ֆոնդը 2019թ․-ին կնքել է 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր իրականացնելու մասին պայմանագիր է կնքել։ Ավելի ուշ գործընթացն սկսելու համար անհարժեշտ էր մրցույթի անցկացում։ «Մասդարը»  չինական «Հիդրոչայնա Քորփորեյշն»-ի և ռուսական «Գազպրոմ» էներգահոլդինգի»-ի մասնակցեց մրցույթին և, ինչպես որ ակնկավում էր, հաղթեց մրցույթ՝ ունենալով նախագահի և ֆոնդի հովանավորվածությունը։

Ըստ պայմանավարովածության՝ Մասդարին է պատկանելու բաժնետոմսերի 85%-ը իսկ ԱՆԻՖ-ին 15։ Ի դեպ, այս ընկերությունը գարնանից շատ ակտիվ համագործակցում է  նաև Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ նախագծում կգեներացվի մեկ տարում մոտ կես միլիոն ԿՎ/ժ էլեկտրաէներգիա։

Մյուս նախագիծը «Էիր Արաբիա» ավիափոխադրողի հետ է, որի մասին առաջին քննարկումներում ևս եղել է նախագահ Արմեն Սարգսյանը։ ԱՆԻՖ-ը և էյր արաբիան որոշել են համատեղ ազգային ավեաընկերությունը ընկերություն ստեղծել, որի բազան կլինի Զվարթնոցում։

Ստացվում է, պետական ֆոնդը փոխարենը իր համար գերակայություն դարձնի տեղական արտադրողին  խթանելը, մրցակցային միջավայրի բարելավելը, շուկայի զարգացմանը այնուհետև օտարերկյա ներդրողների ներգրավումը,  միանգամից շեշտը դրել է օտարերկրյա ներդրողներին ներգրավելու վրա, ինչը իհարկե կհանգեցնի մի շարք տեղական կազմակերպությունների մրցակցությունից ուղղակի դուրս մնալուն։ ԵՒ ինչն է ավելի անընդունելի այս ֆոնդը ֆինանսավորվում է նաև այն բիզնեսների հարկերից, որոնք ֆոնդի վարած ոչ պետականամետ քաղաքականության արդյունքում կարող են անգամ դադարել գործելուց։

Ընդհանուր առմամբ, ֆոնդը կարող էր ճիշտ աշխատանքի դեպքում արդյունք ստանալ և լավ գործիք դառնալ պետության համար, սակայն ուսումնասիրված տվյալների արդյունքում երևում է, որ ֆոնդը ներքին դաշտում անգործության է մատնված, իսկ որոշ միջոցառումներ շղարշ են, թե իբր ֆոնդը զբաղվում է որևէ գործով։ Տպավորություն է ստեղծվում, որ այն ոչ թե պետական հետաքրքրությունների ֆոնդ է, այլ նախագահի գլխավորությամբ Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների զարգացման կենտրոն, որտեղ շահում են ավելի շատ անհատները, քան պետությունը։

  • Կիսվել: