ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անգելա Մերկելին եմ փոխանցել հայ ռազմագերիների ծնողների նամակները. Զոհրաբյան

Անգելա Մերկելին եմ փոխանցել հայ ռազմագերիների ծնողների նամակները. Զոհրաբյան

Եվրոպական խորհրդում նկատվում է անկեղծ շահգրգռվածություն հայ գերիների հարցը լուծելու վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախագահում է Գերմանիան, և ես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եմ փոխանցել հայ ռազմագերիների ծնողների նամակները՝ ուղղված Գերմանիային, որովհետև Գերմանիան այն երկիրն է, որը տեսել է գերիներին, գերեվարել է հրեաների, և նրանք ունեն գենետիկ մեղքի զգացողություն։

Ես բարձր եմ գնահատում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ելույթը, երբ ադրբեջանցի պատվիրակը, որն ինձ համարում էր նացիոնալիստ ահաբեկիչ, ասաց, որ հայերը չեն վերադարձնում ականապատ տարածքների քարտեզը, ասաց՝ ստոպ, չփորձեք մանիպուլացնել, դուք լուծելու եք ռազմագերիների խնդիրը։ Ես ունեմ զգույշ լավատեսություն, որ Ադրբեջանը առաջիկա մեկ ամսվա ընթացքում որոշակի թվով ռազմագերիների կվերադարձնի՛՛:

Ըստ Զոհրաբյանի՝ մի քանի ծնողներ հանդիպել են իր հետ և պնդում են, որ իրենց իրանական և հայկական համարներով զանգում են որոշ մարդիկ, ասում են զինծառայողի տվյալները և ասում, թե իրանական ո՛ր գյուղի զորամասում են։

՛՛Պատմությունն ինձ տարօրինակ թվաց։ Ես կապվեցի Իրանում մեր արտակարգ և լիազոր դեսպանի Արտաշես Թումանյանի հետ,  և դեսպանատունն այժմ ծնողների հետ աշխատում է։ Աշխատում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, և պատասխանը հստակ է, որ նման բան չկա՛՛,-ասաց նա:

Զոհրաբյանը հայտնեց նաև, որ իրենք որոշել են վիդեոկոնֆերանս անել Իրանի դեսապանատան հետ, որպեսզի ծնողներն իրենց հարցերի պատասխանները ստանան:

 
 

  • Կիսվել: