կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անձնական տվյալների գաղտնիությունը, լրագրողների խոսքի իրավունքը Հայաստանում վերջին շրջանում խախտվում են տարբեր ձևերով․ Արթուր Պապյան

Անձնական տվյալների գաղտնիությունը, լրագրողների խոսքի իրավունքը Հայաստանում վերջին շրջանում խախտվում են տարբեր ձևերով․ Արթուր Պապյան

«Հայաստանի օրենսդրությունը, Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերը երաշխավորում են անձնական տվյալների գաղտնիություն, անձի պաշտպանվածություն, լրագրողների խոսքի իրավունքի, լրագրողների աղբյուրների պաշտպանություն։ Այս իրավունքները Հայաստանում վերջին շրջանում խախտվում են տարբեր ձևերով»,- տեղեկատվական անվտանգության, լրտեսական ծրագրերի և դրանց կիրառման նպատակների շուրջ «Հետք»-ի կազմակերպած քննարկմանը նշել է «Սայբերհաբ» կազմակերպության համահիմնադիր, փորձագետ Արթուր Պապյանը։ 

Իրավունքների խախտումներից մասնագետն առանձնացրել է լրտեսական ծրագրերի, մասնավորապես՝ «Պեգասուսի» կիրառումը Հայաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ։

«Ինչ-որ դեպքերում ԱԱԾ-ն կարող է նաև իր սեփական քաղաքացիների դեմ, չենք պնդում 100 տոկոսով, բայց, ամենայն հավանականությամբ, կիբերզենք օգտագործել։ Դա արդեն շատ լուրջ խնդիր է, որովհետև հասկանալի չէ, թե դա բաց դատական ատյաններով ինչպես է անցնում, արդյոք ինչ-որ դատարան լսում և թույլտվություն տալի՞ս է, թե՞ ոչ, որպեսզի սահմանափակվեն քաղաքացու իրավունքները»,- ասել է Պապյանը։

Մասնագետի խոսքով՝ «Պեգասուս» ծրագիրը կիրառելուց բացի, Հայաստանի տարածքում վերջին մի քանի տարվա ընթացքում նաև պետական հաքերային խմբեր են գործել՝ ունենալով կոնկրետ թիրախներ։

«Հիմնականում՝ լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքական գործիչների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ են գործել, ու այդ հարձակումները շարունակվում են։ Այդ հարձակումների քննություն, պատասխանատուների պատիժ, որևէ բան մենք չենք տեսնում։ Եթե այս խնդիրներն այսպես բարձիթողի մնան, մենք կարող ենք ասել, որ կիբերտիրույթում մենք, փաստորեն, անպաշտպան ենք, մեր իրավունքները ոտնահարվում են, դրա հետ կապված՝ որևէ բան չի արվում, հետևաբար, այդպես էլ շարունակվելու է։ Սա մեծագույն խնդիր է, հատկապես, եթե ասում ենք, որ լրագրողները պետք է կարողանան անարգել գործել, պաշտպանել իրենց աղբյուրներին, իրավապաշտպաններն՝ իրենց գործն անել, քաղաքական գործիչներն էլ՝ այլընտրանքային տեսակետներ հայտնել, որը շատ կարևոր է երկրի ընդհանուր զարգացման համար»,- ընդգծել է փորձագետը։

  • Կիսվել: