հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անդրանիկ Փիլոյանն ու Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Անդրանիկ Փիլոյանն ու Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջև «Քաղաքացիական պաշտպանությանն առնչվող Հայաստանի պետական օրենսդրությունը Միջազգային մարդասիրական իրավունքի չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ» 2021-2022 թթ. գործողությունների պլանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նախարար Փիլոյանը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Անդրանիկ Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր Խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, դուրսբերման աշխատանքներում և գերիների վերադարձին աջակցելու կարևորագույն գործընթացում:

Ըստ աղբյուրի՝ Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թեև սա մեր առաջին հանդիպումն է, սակայն երկու կառույցների միջև համագործակցությունը սկսվել է 2017թ.-ից. շատ ուրախ եմ, որ լավ հիմքեր ունեցող այս համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն ունենք».- ասել է նա և հավելել, որ դիտարկվում է համագործակցության զարգացման երկու ուղղություն. քաղպաշտպանությանն առնչվող օրենսդրության համապատասխանեցումը միջազգային օրենքներին և միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ուսուցման կազմակերպումը:

 

  • Կիսվել: