չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ. ԱՆ

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ. ԱՆ

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, համաձայն որոնց՝ Երեւանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակչուհի՝ 2003 թվականին ծնված աղջիկ:

«Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն:

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ 2003 թվականին ծնված աղջիկ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:

Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ՝ ախտորոշման հստակեցման նպատակով հետազոտությունները շարունակվում են: Ներկայում երեխայի վիճակը գնահատվում է բավարար և պատրաստվում է դուրսգրման»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: