չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Անցած տարի կենդանաբանական այգում կենդանիների անկումները 7 տոկոսի էլ չեն հասել

Անցած տարի կենդանաբանական այգում կենդանիների անկումները 7 տոկոսի էլ չեն հասել

Այս պահին կենդանաբանական այգում ունենք 145-ից ավելի տեսակներ՝ 720-ից ավելի առանձնյակով. Տարվա  ընթացքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նոր կենդանիներով համալրելու՝ փոխանակումների ձեւով, առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը:

«Ընդհանրապես, Եվրոպական կենդանականական այգիներում արգելվում է կենդանիների առքուվաճառքը, փոխարենը կա կենդանիների փոխանակման  պրակտիկա: Օրինակ, մտադիր ենք բերել սպիտակապոչ գնու, աֆրիկյան 1-2 անտիլոպներ, բորենիանման շներ»,-ասաց նա:

Հարցին, թե վերջին շրջանում ի՞նչ կենդանատեսակների անկման դեպքեր են եղել, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց. «Կենդանիների անկումը բնական պրոցես է բոլոր կենդանաբանական այգիների համար: Կենդանաբանական այգիների համար մոտավորապես 10 տոկոս անկումը համարվում է նորմայի սահմաններում, քանի որ  կենդանիները ծերանում են, հիվանդանում են, որոնք հնարավոր չէ բուժել: Նաեւ արուների միջեւ մրցակցության արդյունքում եւս վնասվածքներից կենդանիները կարող են մահանալ:

Անցած տարի մեզ մոտ անկումները 7 տոկոսի էլ չեն հասել: Շատ ուրախ ենք, որ այս տեսակետից բավականին նորմալ մակարդակի վրա ենք»:

Ինչ վերաբերում է 4-5 անգղերի անկմանը, նա միայն ասաց, որ դա եղել է  2022-ի սկզբին, մինչեւ իմ կենդանաբանական այգի տեղափոխվելը:

  • Կիսվել: