կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանի որոշմամբ նախկինում աշխատանքից հեռացված պաշտոնյան կվերականգնվի

Անահիտ Ավանեսյանի որոշմամբ նախկինում աշխատանքից հեռացված պաշտոնյան կվերականգնվի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ  Ծաղիկ Վարդանյանին  օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի  պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարի ստորագրած որոշումից, որտեղ մասնավորապես  ասված է․

«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ,  ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՎԴ/0729/05/22  վճռով  հրամայում եմ Ծաղիկ Վարդանյանին 2023 թվականի օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում:  Ծաղիկ Վարդանյանին վճարել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը 2022 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն անցյալ տարի ազատվել էր աշխատանքից: Վարդանյանին հայտարարվել էր երկու խիստ նկատողություն, որից հետո Անահիտ Ավանեսյանը նրան աշխատանքից ազատվել է։

Ծաղիկ Վարդանյանը Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում էր  արդեն մի քանի տարի՝ 2017 թվականից, իսկ մինչ այդ նա Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:

Վարդանյանը՝ Ավանեսյանի որոշումը համարել էր անօրինական, ինչն էլ վիճարկել էր դատարանում։ Վարդանյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության բավարարվել է, դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։

  • Կիսվել: