երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Անահիտ Ավանեսյանի համար մտահոգիչ են պլաստիկ վիրաբուժության ոլորտում վերջերս հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերը

Անահիտ Ավանեսյանի համար մտահոգիչ են պլաստիկ վիրաբուժության ոլորտում վերջերս հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերը

«Ինձ համար շատ մտահոգիչ են պլաստիկ վիրաբուժության ոլորտում վերջերս հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերը»,- հանդիպելով պլաստիկ վիրաբուժական կենտրոնների ներկայացուցիչների, պլաստիկ վիրաբուժության ամբիոնների ներկայացուցիչների և «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահի հետ` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման նպատակն էր նախ հասկանալ` ինչի կարիք ունեն պլաստիկ վիրաբույժներն ու այս կենտրոնները, լսել մասնագետների դիտարկումները, որպեսզի արվի հնարավոր ամենը` նվազագույնի հասցնելու այս ոլորտում գրանցվող անհաջող ելքերով դեպքերը:

Նախարարը նկատել է` ոլորտը դինամիկ զարգանում է, սակայն մեկ-երկու դեպքը խաթարում է ամբողջ ձեռքբերվածն ու ստվեր թողնում ոլորտի վրա:

Պլաստիկ վիրաբուժության գծով ԱՆ խորհրդատու, «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Աննա Սարգսյանը ներկայացրել է օրակարգային խնդիրները, առողջապահության նախարարության ստացած բողոքների ու վերջին 2 տարում գրանցված հետվիրահատական բարդությունների դեպքերի հիման վրա արված մասնագիտական վերլուծությունները:

Իրավական դաշտը կարգավորելու համար այս պահին մշակվում են նոր ուղեցույցներ, նաև խստացվում է լիցենզիա ստանալու կարգը:

Հարակից մասնագիտացում ունեցող բժիշկների համար պարտադիր կդառնա նեղ մասնագիտական օրդինատուրան:

Մի քանի ժամ տևած հանդիպմանը մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել` մեկտեղել ջանքերը` լրացնելու ոլորտի բացերը:

Նախարարի առաջարկով այս թեմայով, մասնագետների ավելի լայն շրջանակով, կկազմակերպվի համաժողով:

  • Կիսվել: