կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՆ-ն հորդորում է պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին

ԱՆ-ն հորդորում է պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել երեխայի սննդակարգին տոնական օրերին:

«Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը տոնական օրերին:

Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով:

Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան թարմ սնունդ ուտի, մաքուր լվացված միրգ։

Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք թարմ է այն։

Հիշե՛ք` ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Ձեզ հետ վերցրեք թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա»,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: