կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՆ-ն դեմ է արտահայտվել ուսանողների պարտադիր թեստավորման կամ պատվաստման առաջարկին

ԱՆ-ն դեմ է արտահայտվել ուսանողների պարտադիր թեստավորման կամ պատվաստման առաջարկին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ այս տարի նախատեսվում է ուսումնական պրոցեսը սկսել առկա պայմաններով՝ պահպանելով համաճարակային կանոնները, խոսքը դիմակների կրման մասին է։ Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան։

Նախարարը, սակայն, ոչինչ չի ասել այն մասին, որ նաև ուսանողները պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 30-ին կայացել էր առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որի ընթացքում անդրադարձել էր եղել նաև ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Armdaily.am-ին հայտնի է դարձել, որ այս նախագծի առնչությամբ բացասական եզրակացություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Ըստ այդմ՝ անդրադառնալով հյուրանոցային կազմակերպությունների համար առաջարկվող սահմանափակումներին՝ արդարադատության նախարարությունը նշել է, որ այդ պայմաններում նշված կազմակերպությունները չեն կարողանա ծառայություն մատուցել այն անձանց, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ չեն ներկայացրել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։ Սա հյուրանոցային կազմակերպություններին այլ՝ օրինակ հանրային սննդի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համեմատ դնում են անհավասար պայմաններում, բացի դրանից՝ վերոհիշյալ սահմանափակումների հետևանքով հյուրանոցները կարող են կրել տնտեսական կորուստներ։ «Հետևաբար, սահմանափակումներ կիրառելու դեպքում կարևոր է տնտեսական ռիսկերի գնահատումը ՝ չպատվաստված քաղաքացիների համար առանձին ծառայություններից հատկապես հյուրանոցային և հանրային սննդի ոլորտի, օգտվելու արգելք սահմանելը։ Կարծում ենք, որ պետք է լինի ծայրահեղ միջոց, քանի որ դրա հետևանքով տնտեսվարող սուբյեկտները կարող են լուրջ տնտեսական վնասներ կրել»,-ասված է այդ եզրակացության մեջ։

Անդրադառանալով ուսանողների համար առաջարկվող սահմանափակումներին՝ ԱՆ-ն նշել է, որ առնվազն, սկզբնական փուլում նպատակահարմար չեն գտնում դրանց կիրառումը, քանի որ դրանք կարող են հանգեցնել կրթության իրավունքի անհամաչափ սահմանափակման և գործնականում ստեղծել խնդիրներ՝ այդ իրավունքի իրացման համար։ «Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ ուսանողները որպես կանոն՝ եկամուտ չունեն և, եթե նրանց համար սահմանվելու է պարտադիր ՊՇՌ հետազոտության անցկացում, ապա պետք է մտածել դրա պետական միջոցներով հետազոտության մասին»,-ասված է եզրակացության մեջ։

Փորձեցինք ԱՆ-ից պարզել՝ ինչպիսի դիրքորոշում են հայտնել, նախարարությունից ArmDaily.am-ի տեղեկացրին, որ բոլոր պետական մարմինների նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ փորձաքննություն են անցկացնում և եզրակացություն են տալիս, սակայն այդ եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, ու պետական մարմինների ներքին օգտագործման համար են նախատեսված։ ԱՆ-ի ներկայացրած եզրակացրության մասով ողջ օրվա ընթացքում փորձեցինք մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։ Ամեն դեպքում այն, որ այսօր ԱԺ-ում նախարարը չի անդրադարձել ուսանողների պարտադիր թեստավորման կամ պատվաստման պահանջին, ինչպես նաեւ հյուրանոցների՝ միայն պատվաստվածներին եւ թեստավորվածներին սպասարկելու հարցին, արդեն իսկ ցույց է տալիս, որ իրավիճակ է փոխվել։

  • Կիսվել: