Անահիտ Ավանեսյանը Արամ Վարդևանյանից պահանջում է անհապաղ հրապարակային ներողություն խնդրել իրենից
Երեկ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրուցելիս վիրավորական արտահայտություն է թույլ տվել իմ հասցեին, որը դուրս է քննադատական խոսքի թույլատրելի սահմանից: Այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Արամ Վարդևանյանից պահանջում եմ անհապաղ հրապարակային ներողություն խնդրել և այսուհետ հետևել իր կողմից օգտագործվող բառամթերքին: Հուսամ` բավարար ուժ և համարձակություն կգտնի իր մեջ ընդունելու սխալը»։
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,– ասել էր Արամ Վարդևանյանը։