Ամստերդամում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն
Ապրիլի 23-ին Ամստերդամում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ Ամստերդամի քաղաքային իշխանությունների, Նիդերլանդների կառավարության, Նիդերլանդների խորհրդարանի անդամների, ինչպես նաև եզդիական, ասորական, քրդական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
Ելույթներով հանդես եկան դեսպան Տիգրան Բալայանը, Ամստերդամի փոխքաղաքապետ Ռուտգեր Գրուտ Վասինկը, խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Դեսպան Բալայանն իր ելույթում ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը, որպես այս ոճրագործության կանխարգելման միակ երաշխիք։
Տիգրան Բալայանը, զուգահեռ անկցանելով Օսմանյան կայսրության ցեղասպան պարագլուխների և Ադրբեջանի ներկա բռնապետական իշխանությունների միջև, վերստին արձանագրեց, որ անպատժելիությունը ծնում է ամենաթողություն՝ հանգեցնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի։
Դեսպան Բալայանը ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը իր վառ դրսևորումն է ստանում նաև մի շարք բարձրաստիճան պատոնյաների և խորհրդարանականների խոսույթում, ովքեր Եվրոպայում բնակվող հայերին բնորոշել են որպես Եվրոպայի քաղցկեղ։ Ցավոք, ռասիստական այսպիսի մոլուցքով տոգորված անձինք դեռևս շարունակում են անդամակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ ընդունելի մնալով Բրյուսելի և Ստրասբուրգի մի շարք շրաջանակների համար։
Մյուս բանախոսները ևս նշեցին, որ 108 տարի անց հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը դեռևս շարունակվում է՝ կոչ անելով Նիդերլանդների կառավարությանը վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կանխարգելելու համար այս ոճրագործության երբևէ կրկնությունը։


