երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ամփոփվել է «Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակ» փորձարարական ծրագիրը

Ամփոփվել է «Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակ» փորձարարական ծրագիրը

Ամփոփվել է «Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակ» փորձարարական ծրագիրը։ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ այս առիթով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Առողջապահության նախարարությունը հրավիրել էր ծրագրի դասընթացավարներին, ինչպես նաև առավել ակտիվ մասնակիցներին, որոնց կյանքը լիովին փոխվել է խմբակ հաճախելու արդյունքում։

Ողջունելով մասնակիցներին՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորել է ծրագրի դերը հանրային առողջապահության բարելավման գործում։ Խմբակի փորձարարական փուլի համար 2023-ին ընտրվել են Երևանի 12 վարչական շրջանների 60 դպրոցներ։ Ծրագիրը կազմվել էր՝ հաշվի առնելով տարեցների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Ֆիզիկական վարժանքների, առողջ սննդակարգի, ճիշտ շնչառության, տարածված հիվանդությունների կանխարգելման ու վարման մասին քննարկումները մեծահասակների հետ շարունակվել են շուրջ 2 ամիս: Արդյունքը գերազանց են գնահատում հենց իրենք՝ խմբակի ակտիվ մասնակից տարեցները։

Նախորդ տարվա հաջողված փորձի համար ծրագրի մասնակիցները ստացել են պատվոգիր-շնորհակալագրեր։ Նշվել է, որ ավագ սերնդի կյանքի որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունն այս տարվանից կշարունակվի առավել ընդգրկուն ծրագրով։

  • Կիսվել: