ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամոթ է հետհեղափոխական Հայաստանում պետության երեք առաջին դեմքերի գնումները փակել հասարակության առաջ. Աշոտ Մելիքյան

Ամոթ է հետհեղափոխական Հայաստանում պետության երեք առաջին դեմքերի գնումները փակել հասարակության առաջ. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսօր Ազգային ժողովում պետական գնումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացրեց Գնումների մասին օրենքով ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի համար գնումների գաղտնիության հարցը:

Նա հիշեցրեց, որ երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր 2016-ին, մասնագետները հարց էին բարձրացնում, թե ինչու հենց նրանց վերաբերող գնումները պետք է գաղտնի պահվեն, պատճառաբանում էին, թե անվտանգության հարց է: Սակայն, ըստ Մելիքյանի բխում էր այլ հարց՝ հաշվետվողականությունը հասարակության առջև վերաբերում է բոլոր պետական մարմիններին, բացի առաջին դեմքերի՞ց: Այդ պատճառով էլ հեղափոխությունից հետո կազմակերպությունը փորձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության միջոցով նորից բարձրացնել այդ հարցը, փոփոխություններ կատարել օրենքում, սակայն դարձյալ անվտանգության նկատառումների հիմքով մերժում է ստացել: Ավելին, վարչապետը նախագծի քննարկման ժամանակ հեգնել է՝ արդյոք պետք է վարչապետը իր երթուղին գծի ու հրապարակի:

«Մենք այդ հարցը հեղափոխությունից հետո բարձրացրել էինք՝ մտածելով, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է այդ տիպի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության, կոռուպցիայի ու հաշվետվողականության տեսանկյունից: Կարծում եմ՝ այս հարցը պետք է ակտուալացնել, նախագիծը մի կողմ դրված չէ: Կարելի է անվտանգության հարցերը հաշվի առնելով, այնուամենայնիվ, պետության երեք առաջին դեմքերի գնումները բացել հասարակության համար», -հայտարարեց Մելիքյանը:

Փորձագետը նկատեց, որ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունից կար պատգամավոր, որը առաջարկում էր որոշակի փոփոխություններ կատարել ու բացել այդ գնումների մասին տեղեկատվությունը, սակայն հավանաբար այդ նախաձեռնությունը մնացել է «գզրոցներում»: Փորձագետին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը և վստահեցրեց, որ այդ նախաձեռնությունը գզրոցներում չի մնա ու տեղեկացրեց, որ շուտով նոր նախագիծ կներկայացվի:

Նշենք, որ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

  • Կիսվել: