կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մաշտոցյան Մատենադարանի տնօրենին և փոխտնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մաշտոցյան Մատենադարանի տնօրենին և փոխտնօրենին

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին:

Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձման առիթով, նրանց մաղթել է արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Մատենադարանն ազգային հպարտության ամենանվիրական կենտրոններից մեկն է՝ իր ձեռագրական ժառանգությամբ հանդիսանալով համամարդկային գիտական ու իմացական մտքի զարգացման աղբյուր։

Իր հերթին պրն. Խզմալյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Մատենադարանի զարգացմանն ուղղված տեսլականը և առաջիկա ծրագրերը՝ կարևորելով նաև Հայ Եկեղեցու աջակցությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են փոխհամագործակցության ուղիները, մեծապես կարևորվել է ձեռագրագիտական, աղբյուրագիտական ու թարգմանական առավել բեղուն աշխատանքների իրագործումը: Առաջնահերթ խնդիրներից մեկը շեշտվել է՝ հայկական ձեռագրերի վերադարձը հայրենիք։

  • Կիսվել: