հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի Հանրապետական օլիմպիադայում հաջողություններ գրանցած աշակերտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի Հանրապետական օլիմպիադայում հաջողություններ գրանցած աշակերտներին

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:

Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած հաջողությունները՝ շեշտելով առարկայի սիրված լինելն ու կարևոր դերակատարությունը մատաղ սերնդի ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, շնորհավորել է օլիմպիադայի մրցանակակիրներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ առարկան կարևոր ձեռքբերում է նորանկախ հանրապետության կրթության ոլորտում։
Նորին Սրբությունը ցավով նկատել է, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանություններն անդրադարձ կունենան այդ որոշմանն ու մեր զավակներին հնարավորություն կընձեռնվի ստանալ հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։

Հայոց Հովվապետն աշակերտներին հորդորել է ջերմեռանդությամբ և նախանձախնդրորեն շարունակեն իրենց ուսումնառությունը, ամբարեն նոր գիտելիքներ և եկեղեցասիրությամբ ու հայրենաճանաչությամբ իրենց մեջ զորացնեն նվիրումի ոգին՝ ի փառս հայրենիքի և Մայր Եկեղեցու:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքն է փոխանցել Հայր Զաքարիային և ՀԵՊ ուսուցիչներին՝ պատանի հայորդիներին տարիներ շարունակ քրիստոեական և ազգային արժեհամակարգով կրթելու ու դաստիարակելու իրենց կատարած նվիրյալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա վառ վկայությունը աշակերտների արձանագրած հաջողություններն են։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:

  • Կիսվել: