Ամառային զորակոչի երկարաձգման մասին դեռ վաղ է խոսել. ԶՈւ պաշտոնյա
ԶՈւ-ում կորոնավիրուսով վարակվածների շրջանում եղել են մի քանի ժամկետային զինծառայողներ։ Այս մասին այսօր հայտարարեց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
Նա նշեց, որ երեք զինծառայող արդեն դուրս են գրվել։ «Հուսով եմ, որ առաջիկա օրերին ժամկետային մյուս զինծառայողները ևս դուրս կգրվեն»,- հավելեց նա։
Սահակ Օհանյանը նաև ասաց, որ անկախ նրանից, ժամկետային զինծառայողներ են, թե պայմանագրայիններ, իրենք հարազատներին տեղեկացնում են, ինչպես նաև հայտնում են բուժման ընթացքի մասին։
Վարչության պետի խոսքով՝ այն զորամասը, որի զինծառայողների մոտ արձանագրվել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, վերադարձել է իր բնականոն գործունեությանը։
«Այսօր առավոտյան այդ զորամասում մեկուսացվածների թիվը զրո է, որովհետև, վերջին տվյալներով, այն զինծառայողները, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել, անցել են ծառայողական պարտականությունները կատարելուն։ Մնացած կազմը, որն անցել էր զորանոցային ռեժիմի, թեստավորվել է, բոլորի պատասխանները բացասական են։ Զորամասն անցել է իր բնականոն գործունեությանը»,- ընդգծեց Սահակ Օհանյանը։
Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ամառային զորակոչի երկարաձգմանը՝ վարչության պետը նշեց, որ զորակոչն օրենքով սահմանված կարգով կարող է հետաձգվել, բայց դեռ վաղ է դրա մասին խոսել։
«Զորակոչն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում` օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել։ Դեռ վաղ է դրա մասին խոսել։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Բոլոր զինկոմիսարիատներին բաժանված են անհատական պաշտպանիչ միջոցներ, զորակոչից առաջ և յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվելու են ախտահանման աշխատանքներ»,- ընդգծեց Սահակ Օհանյանը։



