կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ամանորին ընդառաջ` ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի

Ամանորին ընդառաջ` ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի

Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով:

Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ ամանորյա տոներին ընդառաջ իրականացվող ուժեղացված ծառայությանը։ Հանձնարարեց մայրաքաղաքի և մարզերի տոնավաճառներում, շուկաներում, զվարճանքի և այլ մարդաշատ վայրերում կազմակերպել ուժեղացված ծառայություն:

Ոստիկանության պետը շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր մոտեցումների որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ծառայող դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, արձանագրված հանցագործությունների դեպքերը։ Քննարկվեցին նաև ծառայողական կարգապահության, ոստիկանության բարեփոխումներին ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

  • Կիսվել: