շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամաչում եմ դուրս գամ տնից, չեմ կարողանում աշակերտիս բարևել. ատեստավորումը չանցած մանկավարժ

Ամաչում եմ դուրս գամ տնից, չեմ կարողանում աշակերտիս բարևել. ատեստավորումը չանցած մանկավարժ

Ամաչում եմ դուրս գամ տնից, չեմ կարողանում աշակերտիս բարևել, լրագրողների հետ զրույցում ասաց ատեստավորումը չանցած ուսուցիչներից մեկը։

«Իրենք ասում են՝ մենք ձեզ երկու անգամ հնարավորություն ենք տվել, բայց իրենք չգիտեն՝ արդյոք մենք հնարավորություն ունեցել ենք սովորելու, երբ դպրոցը կարող էր ուղեգիր տալ, մենք գնայինք և կես գնով սովորեինք։ Որոշ տեղերում մարզպետարաններն աջակցել են և որոշ ուսուցիչներ այդպես սովորել են, իսկ մենք այդ հնարավորությունը չենք ունեցել։ Անարդարություն է։ Այնպիսի թեստեր էին․․․ 1200 ուսուցիչ մնացել է դրսում։ 34 տարի է՝ դպրոցում աշխատում եմ, աշակերտներս բարձրագույն տեղերում են սովորել։ Էսօր ես վատ եմ զգում տնից դուրս գամ, որ աշակերտս ինձ պետք է բարևի ես չկարողանամ իր բարևին պատասխանել»,-նշեց ուսուցչուհին։

«Բարձրագույն ավարտած ռուսաց լեզվի ուսուցիչը 2 տարի անընդմեջ ստացել է 10-12 բալ, իսկ մենք միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են դուրս, մնացել ենք առանց աշխատանքի, բայց բարձրագույն կրթությամբ՝ Բրյուսով ավարտածը 17 բալով աշխատում է, իրենց երրորդ հնարավորությունը տվեցին»,- հայտնեց ուսուցիչը։

Նա պարզաբանեց, որ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին հնարավորություն են տվել երրորդ անգամ ատեստացիա անցնել, իսկ իրենց ոչ:

Արմավիրի մարզի Քարակերտի համար 1 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհիներից մեկն էլ նշեց, որ պահանջը, որ ուսուցիչը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ընդունվել է 2012-ին, մինչդեռ ինքը դպրոցում է 1989 թվականից. «Երբ ինձ ընդունել են դպրոցում աշխատանքի, ես եղել եմ միջին կրթության մասնագետ, այդ ժամանակ մեզ չեն ասել, որ կգա ժամանակ, այդպիսի հրաման կլինի և այլն։ 2012-ին ընդունվել է այս հրամանը, բնականաբար մենք չենք կարողացել ստանալ բարձրագույն կրթություն՝ հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը, պետությունը մեզ ոչնչով չի օգնել։

Մեր երեխաները զինվոր են եղել, հայրենիք են պաշտպանել, մենք մնացել ենք այս երկրում։ 2018-ին հինգ տարով երկարացրել են ժամկետը, 2023-ին լրացել է, կարող էին երկարացնել ժամկետը՝ հաշվի առնելով մեր ընտանեկան վիճակը, կարող էին 55-ից բարձր ուսուցիչներին թույլ տալ առանց որևէ նախապայմանի շարունակել իրենց աշխատանքը։

Այսօրվա դրությամբ զրոյացրել են մեր ամբողջ աշխատանքը ու մեզ դրել անպատիվ վիճակի մեջ։ Ես գյուղում ապրող ուսուցիչ եմ, այնքան ինձ վատ եմ զգում, որ ասում են՝ անգրագետ է, գնացել է, չի կարողացել անցնել ատեստացիան, գործից ազատել են։ Ես այնքան վիրավորված եմ կառավարությունից, մենք ընտրեցինք, որ մեզ նման հայրենասեր, նվիրված մարդկանց այսպիսի վերաբերմունք ցույց տա՞ն, ինչ անենք, մտածենք, որ գնացողները ավելի ճի՞շտ են եղել»,- արցունքները զսպելով ասաց նա:

  • Կիսվել: