ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա. մասնագետների դիտարկումները

Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա. մասնագետների դիտարկումները

Ալերգիկ խնդիրների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար որևէ հակացուցում չկա, եթե հիվանդությունը չի գտնվում սրացման փուլում:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը` ընդգծելով, որ հիվանդության սուր փուլում խորհուրդ է տրվում հետաձգել պատվաստումը: Մնացած բոլոր դեպքերում հակացուցումներ չկան:

«Բավական մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ասում են` ունեն ալերգիկ այս կամ այն հիվանդությունը և դա պատվաստման հակացուցում է: Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ մենք ունենք ցուցումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող գործելակարգ: Ասեմ, որ որպես բացարձակ հակացուցում կարող է լինել միայն առաջին դեղաչափից առաջացած ալերգիկ ռեակցիան»,-ասաց Արմինե Հակոբյանը:

Մասնագետի խոսքով, իրենց դիմած բուժառուների մեծ մասը գնում և ստանում է իր պատվաստումը: Բարեբախտաբար չունեն սուր, ծանր ալերգիկ դրսևորումներ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Պատվաստվելուց առաջ հավելյալ հետազոտությունների անհրաժեշտություն չկա: Արմինե Հակոբյանն ընդգծեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա, որ պատվաստումից առաջ նախապես ալերգոլոգիական հետազոտություն անցնեն: Ամեն դեպքում, բուժառուների շրջանում կան մարդիկ, որոնք վախենում են, խուսափում են և չեն համաձայնում պատվաստման, քանի որ, ըստ մասնագետի, բավական շատ է խեղաթյուրված, ոչ ճշգրիտ ինֆորմացիան:

Ալերգոլոգ-իմունոլոգ Սևան  Իրիցյանի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին բուժօգնության առաջին օղակում չեն խրախուսում դա անել, եթե ունեն ալերգիկ խնդիրներ:

«Դժվարանում եմ ասել, թե ինչու է այդպես, որովհետև մի շարք միջոցառումներ են անցկացվել առաջին օղակի բժիշկների համար՝ հասկանալու, թե ինչպե՞ս տարբերակել, թե որ դեպքերում ինչի՞ց  զգուշանալ և այլն: Միգուցե դա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Կարող եմ ասել, որ մեր բուժառուների շրջանում կան շատերը, որոնք պատվաստվել են ու ալերգոլոգիական բարդություններ չենք ունեցել: Տեղային կարմրածություն կամ նման դրսևորումներ հաճախ են լինում ու դրանք բացարձակ խոչընդոտ չեն»,-ասաց Սևան Իրիցյանը:

Պատվաստվելուց առաջ հավելյալ հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ևս չկա: Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում  7 մլրդ-ից ավելի մարդ գոնե առաջին դեղաչափ պատվաստվել է և հսկայական ինֆորմացիա է հավաքագրվում ռեակցիաների վերաբերյալ: Արմինե Հակոբյանի խոսքով՝ ալերգաբանական ռեակցիաները բավական քիչ են:

  • Կիսվել: