ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանին

Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի խնդրանքով ընդունել է նրան:

Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երևալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:

Սպորտի վարպետը տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր օրհներգով և հաղթանակով: Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում ևս թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն նրան շեղել չի ստացվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել:

Մարզիկը նշել է նաև, որ մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում, և սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնական քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջևում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ:

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզաձևի հեռանկարներով՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Աշոտ Ադամյանին նշանակալի հաջողություն գրանցելու առթիվ և իր կողմից հուշանվեր է հանձնել: 

  • Կիսվել: