ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանն այցելել է Գյումրի՝  քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով

Ալեն Սիմոնյանն այցելել է Գյումրի՝ քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով

Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում էր՝ քաղաքի օրվա միջոցառումների հագեցած օրակարգով: Խորհրդարանի ղեկավարի առաջին կանգառը Գյումրիի «Թումո» կենտրոնն էր, որտեղ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված և «Թումո» Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառմանը:

«Թումո Հայաստան» խորագիրը կրող ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվել է ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև «Թումո» կենտրոնի գործընկերների մասնակցությամբ:

«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում կենտրոնների ընդլայնման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին:

Պաշտոնական միջոցառումից հետո Ալեն Սիմոնյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ զբոսնել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ շնորհավորելով գյումրեցիներին տոնի կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարն այնուհետև մասնակցել է երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Քաջալերելով երիտասարդ ստեղծագործողին՝ Ազգային ժողովի նախագահը հրավիրել է նրան «Վերադարձ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներկայացնել նաև խորհրդարանում:

  • Կիսվել: