հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների նորակառույց եղբայրական գերեզմանը

Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների նորակառույց եղբայրական գերեզմանը

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գառնիկ Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի, Արծրուն Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Արա Խաչատրյանի, Սուրիկ Ավետիսյանի եւ Էդվարդ Պետրոսյանի նորակառույց եղբայրական գերեզմանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ եղբայրական գերեզմանոցի օրհնության արարողությանը մասնակցեցին  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները։

Արարողության մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Նորակառույց եղբայրական գերեզմանոցի մուտքի մոտ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգեւոր  հովիվ , գնդերեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։  «Այստեղ հավաքվածներիս համակել է թե՛ հպարտությունը, թե՛ հուզմունքը եւ տխրությունը։ Մեր հերոսներն իրենց անձնազոհությամբ ցույց տվեցին, թե որն է իսկական հայրենասիրությունը եւ իսկական աստվածասիրությունը՝ նահատակ դառնալով հայրենիքի եւ հավատի համար։ Ու մեզանից յուրաքանչյուրը պարտավորություն ունի մեր հերոսների առջեւ՝ սրբորեն պահպանելու եւ շենացնելու մեր հայրենիքը։ Ինչպես մեծանուն Գարեգին Հովսեփյանն էր ասում՝ կյանքում երկու ազնիվ հեղուկ կա՝ քրտինքը եւ արյունը, եւ այդ ազնվագույն հեղուկներով են հայրենի հողը հարստացրել մեր ժողովրդի լավագույն զավակները։ Մաղթում եմ, որ ամենախաղաղ պայմաններում մենք կարողանանք մեր քրտինքով շաղախել մեր հայրենի հողը, կերտել այն հայրենիքը, այն նորոգ կյանքը, որի մասին երազում էին մեր հերոսները։ Ուժ, կարողություն եւ համբերություն բոլորիս»,-ներկաներին դիմեց հոգեւոր հովիվը։

Ապա` ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մեր թանկ հերոսների սիրելի ծնողներ, գլուխ ենք խոնարհում ձեր առջեւ, քանզի դուք մեր ազգին այնպիսի անձնազոհ զավակներ եք պարգեւել, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով  փրկեցին մեր հայրենիքը։ Հիմա ապրողներս, խոնարհվելով նրանց շիրիմների առջեւ, պարտավորվում ենք ստեղծել հզոր հայրենիք, հզոր բանակ ու տնտեսություն, որպեսզի նրանց ծնողները, հարազատները, բարեկամներն ու հայրենակիցներն ապրեն բարեկեցիկ կյանքով, որպեսզի մեր երկրին այլեւս չսպառնա պատերազմի վտանգը։ Իսկ այս եղբայրական գերեզմանոցը, մյուս համայնքներում կառուցված հուշարձաններն ու կոթողները պիտի մեզ ու սերունդներին պատմեն մեր հերոսների սխրանքների մասին, նրանց վեհ անունների ու գործերի մասին, ազգային արժեքների ու հայկականության պահպանման մասին։ Խոնարհվում ենք մեր հերոսների շիրիմների առջեւ, նրանց սրբացած անունների առջեւ»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը։

Ակունքի միջնակարգ դպրոցի շնորհալի աշակերտներն անուն առ անուն ներկայացրին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ  Գառնիկ Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի, Արծրուն Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Արա Խաչատրյանի, Սուրիկ Ավետիսյանի եւ Էդվարդ Պետրոսյանի անցած զինվորական ու մարտական կենսագրությունները՝ նրանց ձոնելով սրտառուչ խոսքեր ու բանաստեղծություններ։

Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։

Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ակունքցի հերոսների եղբայրական գերեզմանը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

  • Կիսվել: