հինգշաբթի, փետրվար 22
22 / 2 / 2024
Ախալքալաքում շունը կծել է տարեց կնոջ գլուխը

Ախալքալաքում շունը կծել է տարեց կնոջ գլուխը

Մարտի 16-ին Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել տարեց կին՝ շան կծելու հետևանքով գլխի հատվածում ստացած վնասվածքներով, այս պահին նրա վիճակը նորմալ է գնահատվում։ 2023 թվականի հունվարից Ախալքալաքում գրանցվել է շան կծելու 25 և կատվի՝ 3 դեպք:

Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցի վիրաբույժ Սուրեն Կարապետյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ կնոջն ընդունել են նորմալ վիճակում, վիրակապ են դրել և պատվաստել կատաղության դեմ։

Կնոջը դուրս են գրել հիվանդանոցից, նա իրեն լավ է զգում։ Սակայն, ոչ ոք պաշտպանված չէ նման հարձակումից:

Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը հայտնում է, որ 2023 թվականի հունվարից մինչ օրս քաղաքապետարանում գրանցվել է կատվի՝ 3 և շան կծելու 25 դեպք։ 2022 թվականին գրանցվել է շան կծելու 77 դեպք։

Թափառող շների խնդիրը դարձել է Ախալքալաքի արդիական, հավերժական ու անլուծելի խնդիրներից մեկը։ Սովորաբար դա մասամբ լուծվում է բռնելու և ստերիլիզացնելու միջոցով, որը քաղաքապետարանն իրականացնում է մրցույթով, սակայն վերջին անգամ սրա հետ կապված խնդիրներ կային։

2022 թվականին առաջին անգամ այս ծառայությունների համար մրցույթ է հայտարարվել հոկտեմբերի 18-ին՝ 22 033 լարիի չափով։ Մրցույթը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով և նույն գումարով կրկին մրցույթ է հայտարարվել նոյեմբերի 7-ին։ Երկրորդ անգամ մրցույթն իսկապես կայացել է, և այն շահել է Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը՝ առաջարկելով մրցույթում նշված նույն գումարը՝ 22 033 լարի։ Պայմանագիրը կնքվել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին և գործում է մինչև 2023 թվականի մայիսի 31-ը։ Մրցույթի պայմանների համաձայն՝ շներին բռնելու և ստերիլիզացնելու ծառայությունը պետք է տրամադրվի ամսական առնվազն երեք անգամ (կոնկրետ ամիսներն ընտրվում են գնորդի և հաղթող մասնակցի միջև պայմանագիրը կնքելու պահին):

Ինչպես է ընթանում Ախալքալաքում շների բռնումն ու ստերջացումը, Jnews-ը կներկայացնի հաջորդ հրապարակումներում։

  • Կիսվել: