երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ախալքալաքում ներկա ու նախկին պատգամավորների կողմից կրակոցներ հնչեցնելով ուղեկցված միջադեպի վերաբերյալ հարազատները մանրամասներ են հայտնել (տեսանյութ, լուսանկարներ)

Ախալքալաքում ներկա ու նախկին պատգամավորների կողմից կրակոցներ հնչեցնելով ուղեկցված միջադեպի վերաբերյալ հարազատները մանրամասներ են հայտնել (տեսանյութ, լուսանկարներ)

Մարտի 26-ին Ջավախքում՝ Ախալքալաք քաղաքում կրակոցների էին հնչել, կողմերը՝ Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ազգականներ էին, դեպքի վայրում եղել են նաև գործող և նախկին պատգամավորներ։ Դեպքի հանգամանքների, քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո կողմերը Tert.am-ին մանրամասներ են հայտնել միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի ազգականը, ով չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակվի, հայտնեց, որ Մկոյանը ցանկացել է հանդարտեցնել կողմերին, և վերջ տալ վեճին:

Նա նշեց, որ ըստ Jnews.ge մի շարք հարցազրույցների՝ քաղաքացիները տարբեր պատմություններ են պատմել: «Տարբեր կարծիքներ են եղել, բայց ինչ վերաբերում է իրականությանը, ապա տեսանյութերում, որտեղ տեսախցիկներն արձանագրել են դեպքը, Հենզել Մկոյանն աջ կողմից մոտենում է, բոլորին հավաքում է և հետ գալիս, այդ  ժամանակ Սամվել Պետրոսյանը գալիս է դեպքի վայր, մոտենում է տղային, որ տեսնի՝ ինչ է եղել, զենք է հանում և սկսում կրակել Հենզել Մկոյանի և ընկերների, ընտանիքի ուղղությամբ:

Դրանից հետո է, որ Մկոյանը հանում է զենքը, վերև պահում ու մի քանի անգամ կրակում օդ, որ հանդարտվեն, տեսանյութի մեջ այդ ամենն ամբողջովին ֆիքսված է»,-ասաց Հենզել Մկոյանի բարեկամը:

Նա ասաց, որ Պետրոսյանների կողմն անգամ գաղտնի է պահում և չի հրապարակում այն, որ     Սամվել Պետրոսյանի տանը խուզարկություն է իրականացվել, ապօրինի զենքեր են հայտնաբերվել, որոնք նա ոստիկանությունում և պատգամավոր աշխատելուց հետո է օրինականացրել:

Մկոյանի ազգականը նշեց, որ դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Սամվել Պետրոսյանի՝ իր անձեռնմխելիության փաստով ու իր վրա զինված հարձակում գործելու համար:

Թե որն է միջադեպի շարժառիթը՝ Մկոյանի ազգականն ասաց, որ գուցե կողմերը վրդովված են եղել, սակայն Մկոյանը իրավիճակը չբորբոքելուց զատ որևէ գործողություն չի կատարել, չի սադրել, հանդարտվելու կոչ է արել:

Նրա ազգականը նշեց, որ Հենզել Մկոյանը մեծամասնական պատգամավոր է և նրա համար այդ տարածքում կայունությունն առաջանահերթ խնդիր է։

Tert.am-ի հետ զրուցել է նաև Սամվել Պետրոսյանի ազգականը, որը ևս  չի ցանկացել հրապարակել իր անունը։ Ըստ նրա, Մկոյաններն են եկել Պետրոսյաններին պատկանող տարածք։

«Նախ Մկոյանների ընտանիքը եկել է Պետրոսյանների սեփական տարածք, սկզբից իրենց ու Պետրոսյանի տղայի միջև խոսակցություն է տեղի ունեցել, դրանից հետո Մկոյանի եղբայրն է եկել, սա ֆիքսված է տեսախցիկներով, ոչինչ չի խոսել, դրանից հետո մի քանիսն են եկել իրենց կողմնակիցներով ու խմբով հարձակվել Պետրոսյանի տղայի վրա, ինչից հետո մոտեցել է Հենզել Մկոյանը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել, հետո մոտեցել է Մկոյանը:

Այդ ամենից հետո է միջադեպի մասին տեղեկացվել Պետրոսյանը և եկել դեպքի վայր: Այնուհետև նրան մոտեցել է Մարտուն Մկոյանը՝ Հենզել Մկոյանի եղբայրը, իսկ Հենզել Մկոյանը, կրկին հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո կրակոց է հնչել, դրանից հետո է միայն Սամվել Պետրոսյանը օդ կրակել, բացառապես օդ: Իսկ Հենզել Մկոյանը կրակել է հենց Սամվել Պետրոսյանի ուղղությամբ, այստեղ պատահական կայանված մեքենան ու Պետրոսյանի տարածքի պատերը վնասվել են, լուսանկարներն էլ կան»:

Հարցին, թե այն զենքերը, որոնք հայտնաբերվել են Պետրոսյանի տանից, ապօրինի չե՞ն եղել, ազգականն ասաց՝  դրանք օրինական են, կարող են անգամ ասել, թե երբ ու որտեղից են գնել:

Հարցին՝ ի՞նչն է խնդիրը, որ նման միջադեպեր են գրանցվում, Պետրոսյանի ազգականն ասաց, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ հակառակ կողմը միջադեպեր է հրահրում քաղաքական հակառակորդների նկատմամբ:

Լուսանկարները տրամադրել է Սամվել Պետրոսյանի ազգականը, ըստ որի՝ Հենզել Մկոյանի կողմից արձակած կրակոցների հետքերն են պատկերված:




 
 

 

  • Կիսվել: