ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել երիտասարդների օրհնության կարգ

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել երիտասարդների օրհնության կարգ

Այսօր՝ փետրվարի 3-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ ժամերգության, երիտասարդների օրհնության կարգ տեղի ունեցավ, այնուհետեւ բաժանվեցին Սուրբ Սարգսի տոնի խորհրդանշական աղի բլիթները։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի տոնը նշում ենք փետրվարի 4-ին: Եկեղեցին սրբացնում է Ս. Սարգսինհամարելով նրան սիրո երազանքների իրականացնող, գրում է akhaltskha.net-ը:

Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու քրիստոնեությունը քարոզելու համար հալածանքների է ենթարկվել Հռոմեական կայսրությունում, այնուհետև Պարսկաստանում: Իր որդու Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ, նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Այս տոնի իմաստը սերն է, որը Սուրբ Սարգիսը տածել է Աստծո հանդեպ: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում:

Այդ օրը երիտասարդները խնդրում են Սրբի բարեխոսությունը, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զոհաբերում ուրիշի համար: Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած աղջիկներն ու տղաները, որովհետև այդ օրը սովորություն է աղե բլիթ պատրաստել և ուտել:

Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն/կնոջը, ով իրենց ջուր է բերում: Ազգագրագետները գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կին, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել: Աղի բլիթն ընդամենն ավանդույթ է ու հոգևոր խորհուրդ չունի: Ընտանիք կազմելու համար կարևոր է սիրո քաղցրությունը, ոչ թե բլիթի աղի լինելը: Հայերս ավանդույթները պահում ենք, սակայն այդ ավանդույթները իմաստ ունեն, եթե լիարժեքորեն ու գիտակցումով մասնակցում ենք տոնի հոգևոր խորհրդին:

  • Կիսվել: