շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը. Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն

Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը. Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Պահանջատիրություն խորհրդանշող Ջահերով երթը վաղուց արդեն դարձել է ավանդական ու կշարունակվի, քանի դեռ հայությունը իր պայքարի ուժով չի կարողացել հասնել արդար դատաստանի ու հատուցման ։ Յուրաքանչյուր հայի պարտքն է վառ պահել հիշողության ջահը,որը դրսևորվում է ամեն տարի ապրիլի 23-ին Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվող պահանջատիրություն խորհրդանշող Ջահերթերով։ Այն հիշողության ու պայքարի ոգու շարունակականությունն է։

Ջահերով երթերի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայը չմոռանալով անցյալը, միշտ վառ կպահի 1915թ․ Օսմանյան կայսրության կազմակերպած ոճրագործությանը զոհ գնացած միլիոն ու կես սուրբ նահատակների հիշատակը և հավաստիացնում, որ իրենց վրեժը լուծելու են։ Հայը պայքարելու է հանուն արդարության, պահանջատեր է ու կպայքարի մինչև հասնի Հայ դատի արդար լուծման։ Այս տարվա Ջահերով երթերի պահանջատիրական ու հիշատակի խորհրդին ավելացել է նաև այն, որ եթե տարիներ առաջ Թուրքիան խուսափում էր ընդունել ցեղասպանության փաստը, այսօր արդեն չի թաքցնում իր նպատակը՝ ոչնչացնել Հայաստանն ու հայությանը։

2020թ 44-օրյա պարերազմի հետպատերազմական շրջանում ավելի արդիական է դարձել հայի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները՝ վկան 2023թ․ սեպտեմբերի 19-ին սկսված երկօրյա պատերազմից հետո Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն էր։Հայերին ոչնչացնելու քաղաքականությունը ոչ թե վերացել, այլ ավելի կատարելագործվել և նոր դրսևորումներով է իրականացվում։

Այսօր Ախալքալաքում, Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։

Երթը մեկնարկեց Ախալքալաքի Բերդ-ամրոցից։ Երթի մասնակիցները տանում էին՝<<Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է>>,<< Հիշում եմ ու պահանջում>>,<<Վերջ թուրքական ժխտողականությանը>> և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն , վրացերեն լեզուներով պաստառներ։ Ամրոցի տարածքում երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր։

Երթն առաջնորդեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ ՝Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։Երթին միացան խորհրդարանի հայազգի պատգավոր՝պարոն Սամվել Մանուկյանը,Ախալքալաքի քաղաքապետ՝պարոն Մելքոն Մակարյանը ու այլ պաշտոնատար անձինք։ Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին ճանաչման,դատապարտման,հատուցման ու պայքարի կոչեր։ Ջահերթը հասավ մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ,որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչեց Ջավախքի Պատանեկան Միության պահանջատիրական կոչը։ Ոգեկոչման խոսքով ներկայացավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ ՝Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը,որին հաջորդեց ԱԵԿ-ի աշակերտուհի Մարիաննա Սահարյանի ասմունքը՝ Պ․ Սևակի <<Անլռելի զանգակատուն >>պոեմի<<Ղողանջ եղեռնականը>>։

Ջահերթի օրն ավարտվեց,բայց հայի պահանջը կշարունակվի այնքան ,քանի դեռ հայը չի հասել իր արդար պայքարի հաղթանակին»։

  • Կիսվել: