երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կարտոֆիլը չեն կարող ոչ վաճառել, ոչ դեն նետել

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կարտոֆիլը չեն կարող ոչ վաճառել, ոչ դեն նետել

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում դեռևս մնում է չիրացված կարտոֆիլ, գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց նախորդ տարվա բերքը, հատկապես՝ սերմացու կարտոֆիլը, իսկ գյուղատնտեսական նոր սեզոնը շուտով կսկսվի։ Չեն կարող նաև աղբանոց նետել, քանի որ աղբանոցը չի ընդունում, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները ծանր վիճակում են: Միջին ու խոշոր կարտոֆիլը դժվարությամբ, բայց վաճառվում է, թեև ոչ այն գնով, որով ուզում են տեղացի ֆերմերները, սակայն սերմացուն ընդհանրապես չի վաճառվում, ցանկացող չկա։ 20 օրից կսկսվի կարտոֆիլի ցանքի սեզոնը:

Խավեթի տարածքային միավորից ընտրված Ախալքալաքի շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսեսյանն ասում է, որ իրավիճակը շատ վատ է:

«Կարտոֆիլի սերմացու շատ ունենք: Միջին չափի և խոշոր կարտոֆիլ էլ ունենք, գյուղում դեռ 15-20 տոկոսը չի վաճառվել: Սերմացուն շատ է, գնորդներ չկան: Ով հնարավորություն ունի, տանում է այլ վայրեր՝ վաճառելու: Դեռ ոչ ոք սերմացուն չի վաճառել: Հույս ունենք, որ ցանքի ժամանակ ինչ-որ բան կվաճառենք»,- ասում է Հրաչ Մովսեսյանը։

Մերենիա գյուղի մասնագետ Վոլոդյա Ղուշչյանն ասում է, որ իրենց գյուղում նույնպես շատ չվաճառված սերմացու կարտոֆիլ կա:

«Իրացման վիճակը վատ է, գնորդներ չկան: Գնորդները շատ հազվադեպ են գալիս մեզ մոտ, բայց դա շատ քիչ է: Ոմանք տանում են այլ քաղաքներ, բայց այնտեղ էլ չի վաճառվում»,- ասում է Վոլոդյա Ղուշչյանը։

Վարեւան գյուղում, մունիցիպալիտետի մյուս գյուղերի համեմատ, վիճակն ավելի լավ է:

«Մեր կարտոֆիլը վաճառվում է, մենք շրջանում համեմատաբար լավ վիճակում ենք: Մեզ մոտ վաճառվում է, գյուղում քիչ ունենք, հույս ունենք 2 ամսվա ընթացքում դա էլ վաճառել: Շատ սերմացու կարտոֆիլ ունենք, սերմացու կարտոֆիլները նոր են, դրա համար էլ վաճառվում է, մեր հողն էլ է լավը»,- ասում է Վարևանից Միշա Ստեփանյանը։

Դիլիսկա գյուղից ֆերմեր Վարազդատ Սալվարյանի խոսքով, իրավիճակը կրիտիկական է, բոլորը մտավախություն ունեն, որ բերքը կարող է հայտնվել աղբանոցում։

«Կարտոֆիլի սերմացուն վաճառում եմ 10 թեթրիով, նույնիսկ այդ գնով էլ չեն առնում: Գյուղում, միայն ես ունեմ 50-60 տոննա կարտոֆիլ, մարտի 3-4-ին եկան, նայեցին, նկարեցին ու գնացին: Նրանցից մի ամիս է լուր չկա: Մենք նույնիսկ չգիտենք ուր թափենք, եթե գցենք աղբանոց՝ Նինոծմինդայի աղբանոցը չի ընդունում: Ասեք ինչ անենք մենք, նրանք, ովքեր չեն վաճառել իրենց կարտոֆիլը»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։

Որոշ ֆերմերների խոսքով, իրենք կարտոֆիլ գնողներ ունեն Ադրբեջանից, սակայն նրանց հետ որոշակի խնդիրներ են առաջանում։

«Սամցխե-Ջավախքում բուսասանիտարական սերտիֆիկատ չեն տալիս, ես պաշտոնապես գրել եմ ու ինձ մերժել են»,- ասաց ֆերմերներից մեկը։

Jnews-ը կփորձի այս հարցը պարզել առանձին։

Նույն իրավիճակն է Օլավերդ գյուղում: Յուրաքանչյուրն իր տանն ունի կարտոֆիլ, որը փչանում է և չգիտի, թե ինչ է անելու փտած կարտոֆիլը:

«Գյուղում կարտոֆիլի սերմացուն շատ է, ես ունեմ վաճառքի համար 18-20 տոննա սերմացու: Խոշորը շատ քիչ է, մեր գյուղում քիչ են ցանում, աշնանը գրեթե ամբողջ խոշոր կարտոֆիլը վաճառվել է: Ժողովուրդը տանում է Թբիլիսի, 1 պարկը 5-10 լարիով են ծախում, ինչ արած: Ես երևի կարտոֆիլի դաշտերը կկրճատեմ, խոզեր կառնեմ ու կարտոֆիլը խոզերին կտամ, ինչ անենք, չգիտենք ուր նետեք այն»,- ասում է Հովիկ Գիլոյանը:

  • Կիսվել: